26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բռնագաղթից հյուծված տատս թրքուհուց հաց է խնդրել եւ …

Աշխեն Ղազարյանի պատմությունը

1906 թ., Կարս, Ծփնի գյուղ

Հելինե Հարությունյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Աշխենի տասներկու տարին դեռ չէր լրացել, երբ թողեցին իրենց հսկայածավալ սեփականություններն ու մազապուրծ փախան,  բայց այն մտայնությամբ, որ մի օր անպայման կվերադառնան։ Հիշում էր, որ հայրը«փախեփախի» խառնաշփոթի մեջ հասցրել էր հապճեպ թաքցնել ոսկիները։ Նրա մայրը մահացել էր մինչև բռնագաղթը, իսկ քրոջն ու եղբորը գաղթից հետո չի տեսել:

«Աշխեն Ղազարյանը տատիկս է։ Ծնվել էր 1906 թ. դեկտեմբերի 1-ին (պայմանական) Կարսի մարզի Ծփնի գյուղում։ Հայրը Մնացական Ղազարյանն էր։ Նրան Աշուղ Մնաց էին կոչում։ Մոր անունը Չիչակ էր։ Ընտանիքում երեք երեխա էին։ Աշխենն ավագն էր։ Քրոջ անունն Ազնիվ էր։ Եղբոր անունն՝ Աղասի։ Աշխենն իր Ղազար պապու պատվին Ղազարյան ազգանունն էր կրում, մնացած հարազատները Գրիգորյաններ էին։ Եղբորն ու քրոջը գաղթից հետո այլևս չի հանդիպել։

Նրա մայրական պապը՝ Տեր Ստեփանոսը, տեղի եկեղեցու քահանան էր և մեծ հեղինակություն էր վայելում Կարսում։ Տատիկի վկայությամբ, մարդիկ տարբեր առիթներով գալիս էին նրա մոտ Տեր հորից օրհնություն ստանալու համար։

Այսօր 7-րդ դարի Ծփնի եկեղեցին, որ գտնվում էր նույնանուն գյուղում, այլափոխվել, վերանվանվել է Զիբինի ու վերածվել մզկիթի:

Հայրական պապը՝ Ղազարը, ամրակազմ ու թիկնեղ տղամարդ էր։ Տեղացիները հաճախ էին ապավինում նրա հուժկու բազկի ուժին։ Երբ օտարներ էին այցելում, վստահ լինելով, որ ձեռնամարտը հաջողությամբ կպսակվի, գյուղացիները խնդրում էին կոխի բռնվել նրանցից համարձակների հետ։ Տատիկիս գերդաստանն աչքի է ընկել իր սկզբունքային, վճռական, տաքարյուն ու հախուռն ոգով, որի համար էլ հայտնի էր «Ծռոյենց ցեղ» անվանմամբ։

Սկսում են գարշելի կոտորածները և խեղվում է նրանց ընտանիքի պատմությունը։ Մայրը, չդիմանալով սոսկալի արհավիրքներին, վախճանվում է մինչև մեծ ջարդերը։

Գաղթել էն կրկնակի։ Առաջին անգամ 1915-ին: Ամիսներ անց լուր են ստանում, որ խաղաղվել է իրադրությունն, ու մարդկանց հորդորում են վերադառնալ։ Սակայն թուրքն իր բաղձալի ծրագիրն ավարտին չէր հասցրել։ 1918 թվականին նոր թափ են առնում ջարդերը։ Աշխենի տասներկու տարին դեռ չէր լրացել, երբ թողեցին իրենց հսկայածավալ սեփականություններն ու մազապուրծ փախան,  բայց այն մտայնությամբ, որ մի օր անպայման կվերադառնան։ Հիշում էր, որ հայրը «փախեփախի» խառնաշփոթի մեջ հասցրել էր հապճեպ թաքցնել ոսկիները։ Նա փայլուն նկարագրում էր հարազատներին,  իրենց հողերն, անասուններին, տան կահ-կարասին։ Երբ պատմում էր, դեմքին զվարթություն ու ինքնաբավ պայծառություն էր ի հայտ գալիս:

Երկրորդ գաղթին ընտանիքի հետ չէր։ Նրան որոշ ժամանակ ուղեկցում էր հորեղբոր որդին՝ Վարդան ապերը, ով հանգամանքների բերումով նրան ստիպված էր լքել։ Հրաժեշտից առաջ Աշխենին հանձնում է գաղթականների մի խմբի։

Գաղթի ճանապարհին հորեղբոր որդին դիմում էր նրան, որպեսզի վերջինս աչքերը փակի։ Գիտակցելով, որ ազգականուհուն առանց այդ էլ բարդ ճակատագիր էր վիճակված, այսպիսով փորձում էր նվազագույնի հասցնել փոքրիկի ծանր ապրումները՝ զերծ պահելով հուզական ու զգայական տեսարաններից։ Աշխեն տատս իր կամքին հակառակ բազմիցս կատարում է նրա պահանջը, բայց մեծ էր ցանկությունը պատճառն իմանալու։ Հետաքրքրությունից դրդված, հերթական զգուշացումը հնչելուց հետո, փոքրիկ Աշխենը որոշում է ձևացնել, թե փակում է աչքերը։ Ձեռքերը մոտեցնում է դեմքին, սակայն մատների արանքից հայացքը պտտելով, խորամանկորեն նայում է շուրջը։ Նրա մանկական անհնազանդությանը հետևում են խոր ափսոսանքն ու զղջումը, երբ ականատես է դառնում սպանված հայերի խոշտանգված դիերին։ Եվ այսուհետ պատրաստակամ սպասում է հաջորդ հրահանգին, որպեսզի անհապաղ խուփ անի աչքերը և ավելի ամուր սեղմի, քան մինչև այդ։

Անշուշտ այդ սահմռկեցուցիչ մտապատկերներն ավելի քան յոթ տասնամյակ լուռ ապրում էին նրա հիշողության մեջ։
Նրա սրտաշարժ պատմություններից հիշարժան է դիցուկ այս դեպքը, երբ «փախեփախի» օրերին գիշերում էին բաց երկնքի տակ, մի առավոտ զարթնում է մեկուսի վայրում բոլորովին մենակ։ Հավանաբար ուժասպառ երեխայի վրա խոր հոգնություն էր իջել ու չէր կարողացել արթնանալ ու միանալ գաղթողներին։ Պատմում էր, որ երկյուղը կրկնապատկվել էր, անճարակությունից արտասվում էր, մեղադրում էր իրեն նրա համար, որ խմբից հետ էր ընկել, չէր նկատել, թե երբ և ինչպես էր խումբը շարժվել, բայց, թեև, տեղանքին անծանոթ էր, ահաբեկված ճանապարհ է ընկնում անհայտ ուղղությամբ։

Շարունակ հուսահատ քայլում է ամայի, ավիրված, հրկիզված, անբնակ վայրերով, երկար դեգերումներից հետո վերջապես հորիզոնում շինություններ են երևում։ Քաղցած ու հյուծված երեխան  ցնծագին մոտենում է մի գեղեցիկ տան։ Թակում է դարպասի դուռը, դուրս է գալիս մի պճնված թրքուհի ու հարցնում, թե ով է և ինչ է ուզում։ Փոքրիկը վախվորած ձայնով մի կտոր «եքմաք»՝ հաց է խնդրում։

Զայրացած կինը նյարդային շարժումով անսպասելիորեն ուժգին հարվածում է նրա գլխին, Աշխենն ուշագնաց ընկնում է գետնին։ Տատս խոստովանում էր, որ միամիտ էր ու նման անհոգի վայրագություն չէր ակնկալում, քանի որ իր ընտանիքը հավասարաչափ բարյացակամ ու սրտաբաց էր եղել և՛ հայերի, և՛ թուրքերի  հանդեպ։ Թալանչի թուրքերն առանց խղճմտանքի դաժանաբար քաշում ու տիրանում են նրա ոսկե օղերին՝ վնասելով անպաշտպան աղջնակի ականջները։ Տատիկն ականջօղեր չուներ, ավելի ստույգ նա չէր էլ կարող կրել, քանզի բլթակներից մեկը երկատված էր։ Օրեր անց Աշխենին հաջողվում է միանալ փախստականների մի նոր խմբի։

Ծռոյենց Աշխենը հայտնվում է որբանոցում։ Ամերիկյան որբանոցում  ապահով էր ու հուսալի։ Բազմաթիվ ընկերուհիներ է ձեռք բերում։ Նա աշխույժ ու աչալուրջ սաներից էր։ Օժտված էր սքանչելի ձայնով ու հրաշալի երգում էր։ Մեծ ակնածանքով էր մտաբերում որբանոցի մանկավարժ քնքշաբարո օրիորդ Սաթենիկին։

Գաղտնիք չէ, որ որբերին փուլերով տեղափոխում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Աշխենին նույնպես ընդգրկում են առաջիկա մեկնող խմբի կազմում։

Բայց ճակատագիրն այս անգամ ևս անակնկալ էր պատրաստել նրա համար։ Մեկնելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ նրան գտնում է մորեղբայրը՝ Ղազար քեռին, ով, պարզվում է, իր ամբողջ ժամանակն ու ջանքերն համառորեն ուղղել էր քրոջ դստեր որոնումներին։ Քեռու ժամանումը բեկումնային շրջում է փոքրիկ Աշխենի կյանքի ընթացքը։ Նա մնում և հաստատվում է Հայաստանում։

Սակայն այսքանով չի սահմանափակվում անհագ ճակատագրի շռայլ փորձությունների շղթան։ Սկզբում մի քանի ամիս ապրում է քեռու տանը՝ Դիլիջանում։ Մի օր պատահաբար ակամայից լսում է քեռակնոջ ու քեռու անհաճո ցրույցը։ Քեռակինը, ով բարեսիրտ ու գթառատ կին էր, հանդիմանում է ամուսնուն ասելով, որ ապրուստ չունեն, որ իզուր արգելք հանդիսացավ որբի ԱՄՆ տեղափոխմանը, և ավելացնում՝ եթե ստանձնել է քրոջ աղջկա խնամակալությունն, ապա պարտավոր է պատշաճ հոգ տանել։

Վեհանձն աղջնակը չի ցանկանում ավելորդ բեռ դառնալ քեռու համար, թաքուն հավաքում է ունեցած հագուստներն ու փախչում։ Եվ դարձյալ միայնակ հաղթահարում է անհայտ ապագան։ Այս անգամ բախտորոշ է լինում մի բարեհաճ անծանոթի հետ հանդիպումը։ Նա տեղափոխվում է Աղբաշ գյուղ (ներկայումս՝ Արարատի մարզի Արևշատ գյուղ), որն էլ նրա վերջին հանգրվանն է հանդիսանում։ Շուտով նրան նկատում է Հարությունյան Խաչատուրը՝ պապիկս և նրանք ամուսնանում են։

Տարիներ հետո տատիկին գտնում է նրա հորեղբայր Արշակը։ Նա պատվարժան ու խստաբարո անձնավորություն էր։ Հիմնվել էր Աբովյանում։ Տատս մեծ հպարտությամբ ու երախտիքով նշում էր նրա մատուցած զգալի և տևական ավանդների մասին ի բարօրություն իր ընտանիքի համեստ կացության։ Արշակի զավակներն ու թոռները Ծռոյենց արժանապատիվ հետնորդերն են։ Այսօր նրանցից շատերն ուսյալ, գործարար անձիք են՝ իրավամբ ազգի նվիրյալներ։

Հետագայում հանդիպում է Սաթո հորաքույրին, որն Արշակի հարազատ քույրն էր, և հաճելիորեն տեղեկանում է, որ ի հիշատակ եղբոր զավակների հորաքույրն իր բալիկներին անվանակոչել էր Աշխեն և Ազնիվ։

Աշխեն Ղազարյանն ունեցել է ինը երեխա՝ յոթ տղա, երկու աղջիկ։ Հայրս՝ Արծրուն Հարությունյանը, նրա կրտսեր որդին է։ Թոռները տասներեքն են։ Մահացել է 1988թ. հունիսի 28-ին»։

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ