«Պատասխան` 100 տարի անց»
«Անցյալը` ներկայում». Հայոց ցեղասպանության վկայություններ կտավի և քարի վրա` Հայաստանի ազգային պատկերասրահում:
ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, հիմնվելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային վկայությունների վրա, 2014 թվականից իրականացնում է «Պատասխան` 100 տարի անց» նախագիծը , որը ներառում է «Անցյալը` ներկայում» խորագրով մրցութային ինքնատիպ ձեռնարկը, որն, ըստ էության, հարթակ է` երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար: Մասնագիտական կրթություն ունեցող մինչև 40 տարեկան քանդակագործներին և նկարիչներին հնարավորություն է ընձեռվել ստեղծելու և ներկայացնելու աշխատանքներ` ավելի քան 100-ամյա իրական պատմությունների`Հայոց ցեղասպանության բացառիկ պահպանված դրվագների հիման վրա:
Վավերագրերն ընտրվել են հետևյալ սկզբունքով` Հայոց ցեղասպանության նախապես ծրագրված և կազմակերպված լինելը փաստող տեսարանների նկարագրություն, հայ գենի իսպառ ոչնչացման միտում, դեպքերի զանգվածայնություն և հաճախադեպություն:
Ապրիլի 21-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Անցյալը` ներկայում» ցուցադրության մեջ ներառված են 2014 թ. օգոստոսի 1-ին մեկնարկած մրցույթի լավագույն 18 աշխատանքները և թեմատիկ 10 նոր կտավներ ծրագրի կայացմանն աջակցած ավագ սերնդի ստեղծագործողներից:
Հրատարակվել է նաև բացիկների հավաքածու, որտեղ ներկայացված են մրցութային վավերագրերը և դրանց հիման վրա ստեղծված լավագույն 9 քանդակները և 11 կտավները: Հավաքածուն եզակի է, քանի որ ներկայացնում է Հայոց ցեղասպանության թեման` բացառապես երիտասարդության ընկալմամբ. ցուցադրված շխատանքները թեև «պատասխաններ» են անցյալին, բայց և նոր հարցադրումներ ու պահանջներ են քաղաքակիրթ աշխարհին։
Նախագծի շրջանակում կհրատարակվի նաև պատկերագիրք` Հայոց ցեղասպանության զոհ դարձած կամ ականատես հայ և օտարազգի մտավորականների արխիվային առնվազն 10 նամակներով և հարյուր տարի անց մեր օրերի անվանի մարդկանց կողմից դրանց ուղղված «պատասխաններով»: