«Քրիստոնյաների Աստվա՛ծ, Հիսո՛ւս, խնդրո՜ւմ եմ, իմ փոքրիկին ևս կենդանացրո՛ւ» crossnews.am
Այս դեպքը տեղի է ունեցել Օշական գյուղի բնակիչներ Խաչիկ և Զեյթուն Բրոյանների ընտանիքում: Նրանք ազգությամբ եզդի են և արդեն երկար տարիներ բնակություն են հաստատել այստեղ,-գրում է crossnews.am-ը:
Ինչպես հայտնի է, եզդիները սերում են քուրդ ժողովրդից, սակայն կրոնական պաշտամունքի համակարգում ակնհայտ տարբերություններ ունեն: Եզդիները երկրպագում են Արեգակին: Ըստ նրանց դավանաբանության՝ գոյություն ունի պաշտամունքի մի քանի առարկա: Բացի «շամսից», որն արաբերեն բառ է և թարգմանաբար նշանակում է արև, պաշտում են «մալաքետաուսին» (սիրամարգ-հրեշտակ, սատանա): Նրանց պաշտամունքի առարկաներից է նաև «խոդանե մալեն», անկողին՝ դրված տան մի անկյունում, այս և նման շատ այլ բաներ…
Օրերից մի օր Բրոյանների ընտանիքում մի աներևակայելի դեպք է տեղի ունենում:
Պատմում է Զեյթուն Բրոյանը.
– Սովորական մի օր էր. տնային գործերով էի զբաղված, երբ հանկարծ մի քանի երեխա սրտապատառ ներս վազեցին և լացակումած հայտնեցին, որ չորս տարեկան աղջիկս ընկել է 1.5 մետր խորությամբ ջրանցքը և խեղդվել:
Ամուսնուս հետ անհապաղ դուրս վազեցինք: Նա արագորեն մտավ ջրանցքը. տիղմոտ ջուրն ամբողջությամբ ծածկեց նրան: Ես կորցրել էի ինքնատիրապետումս. խելագարի նման այս ու այն կողմ էի թռչկոտում, գոռում էի, գոչում… ո՞վ գիտի, գուցե ջուրը քշել տարել է և դեմ է առել մի փակուղու…
Երբ հասկացա, որ ոչինչ անել չենք կարող, առանց հաշվի առնելու շուրջս հավաքված գյուղացիների բազմությունը, ծնկի իջա և աղաղակեցի. «Քրիստոնյաների Աստվա՛ծ, Հիսո՛ւս, ես գիտեմ, որ Դու չորս օրվա մահացած Ղազարոսին հարություն տվեցիր, խնդրո՜ւմ եմ, իմ փոքրիկին ևս կենդանացրո՛ւ»:
Հենց այդ պահին ամուսինս դուրս եկավ տիղմաջրից՝ գրկում փոքրիկիս դին: Նա անշնչացած էր. աչքերը բաց էին, ատամներն իրար սեղմած, մարմինն ամբողջությամբ ուռած էր, իսկ վզնոցը խրվել էր պարանոցի մեջ. նա անկենդան էր:
Ես չէի դադարում աղաղակել՝ «Հիսո՛ւս, հարություն տո՛ւր աղջկաս»: Աղաղակներս անպատասխան էին…
Սակայն հանկարծ՝ հրա՜շք… լսվեց փոքրիկիս ճիչը: Նա կամաց-կամաց սկսեց բաց անել աչքերը և փսխել կուլ տված հսկայական քանակությամբ ջուրը: Նա կենդանացավ. վերադարձավ դեպի կյանք:
Փա՜ռք Քեզ, Աստվա՛ծ իմ, որ լսեցիր աղաղակս և հարություն տվեցիր աղջկաս՝ շնորհելով նոր կյանք և փրկություն:
Պատրաստեց Աննա Վարդանյանը