Ջրառատ երկիր, բայց մայրաքաղաքը՝ ժամով ջրով․ ազգային պարադո՞քս, թե՞ կառավարման ձախողում

Իրավունքը գրում է.
2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ «Վեոլիա Ջուր»-ի աղմկահարույց հայտարարությունը քաղաքական ու հանրային դաշտում պայթեց ռումբի պես։ Նախ հայտարարվեց, որ մայիսի 1-ից մայրաքաղաքում եւ մարզերում ջուրը լինելու է ոչ թե 24 ժամ, այլ՝ օրական 7 եւ ավելի ժամ անջատումներով։ Ապա՝ մի քանի ժամ անց, կառավարությունը «միջամտեց», եւ որոշումը, իբր, վերանայվեց։ Իրավիճակն ակնհայտ է, հարցը հետեւյալում՝ սա իշխանության նախընտրական առեւտո՞ւր էր, թե՞ վատ բեմադրված փիառ։
Բայց մինչ այս հարցին պատասխանելը, հիշեցնենք, որ 2025-ի տարեվերջին աջակիցների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին անդրադարձավ իր հայտնի «Գույք պարտքի դիմաց» գործարքին եւ ջրի կառավարման թեմային։ Նա պատմեց, թե ինչպես է որոշել աշխատել ֆրանսիացիների հետ:
«Համաշխարհային բանկին հարցում ենք արել՝ խմելու ջրի կառավարման ամենից լավ փորձը որտեղ է։ Պատասխանել են՝ գերմանական կամ ֆրանսիական։ Ժակ Շիրակի հետ հանդիպման ժամանակ իրեն հարցրի՝ դուք «Վեոլիա ջուր» ունեք, ուզում եմ հետները հանդիպեմ, կարո՞ղ եք օգնել այս հարցում։ Նույն օրը ինձ հետ կապվում են, ասում են՝ առավոտյան պատրաստ են հանդիպել», – հպարտությամբ հիշում էր Քոչարյանը եւ մանրամասնում, թե ինչպես ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը ներգրավվեց Հայաստանի ջրամատակարարման համակարգում։
Այսօր, սակայն, տարիներ անց, ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ «լավագույն փորձը» ամբողջությամբ եւ ճիշտ էր ներմուծվել, թե՞ գործ ունենք կիսատ-պռատ, վերահսկողությունից դուրս թողնված համակարգի հետ, որի պատասխանատվությունը տարիների ընթացքում տարրալուծվել է։
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԵՎ ԺԱՄՈՎ ՋՈՒՐ. ՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՏԵ՞Ղ Է
Երբ հայտարարվեց, որ ջուրը կդառնա ժամով, իշխանական թեւը փորձեց ներկայացնել դա որպես տեխնիկական խնդիր, որը «հերոսաբար» լուծվեց կառավարության միջամտությամբ։ Սակայն իրականությունն այլ է։
Նոր Խարբերդում, Ծարավ աղբյուրում, Նոր Նորքում եւ բազմաթիվ այլ թաղամասերում մարդիկ տարիներ շարունակ ապրում են ժամով ջրի պայմաններում՝ առանց աղմուկի, առանց կառավարության շտապ «միջամտության»։ Ամռան ամիսներին հսկայական թաղամասեր մնում են ժամերով անջուր։ Կորուստները մեծ են, ցանցերը՝ մաշված, ներդրումները՝ կասկածելի արդյունավետությամբ։
Եթե համակարգը չի դիմանում ավելացած ծանրաբեռնվածությանը, ապա հարցը միայն կլիման չէ։ Այո՛, կլիմայական փոփոխությունները եւ ջրի սակավության ռիսկերը քննարկվում են։ Բայց արդյո՞ք Երեւանի վերջին տարիների կառուցապատման տեմպերը չեն գերազանցել ենթակառուցվածքների հնարավորությունները։
Երեւանի քաղաքապետարանում իշխող քաղաքական ուժը տարիներ շարունակ աջ ու ձախ բաժանել է շինթույլտվություններ։ Արդյունքում կան նորակառույց թաղամասեր, բազմաբնակարան շենքեր, հազարավոր նոր բաժանորդներ։ Իսկ ջրային համակարգը մնացել է նույնը։ Երբ ընդդիմությունը զգուշացնում էր, թե ո՛չ ջուրը, ո՛չ հոսանքը, ո՛չ գազը չեն բավարարելու, իշխանությունը հակառակն էր պնդում։ Այսօր հենց «Վեոլիա Ջուր»-ն է փաստում՝ համակարգը չի դիմանում։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հայտարարեց, որ «Վեոլիա Ջուր»-ի որոշումը իրենց հետ համաձայնեցված չի եղել։ Նա նշեց, որ անջատումներ, այնուամենայնիվ, կլինեն, բայց աշխատանք է տարվում, որպեսզի դրանք լինեն, օրինակ, ժամը՝ 02:00-05:00-ը, այլ ոչ թե կեսգիշերից մինչեւ առավոտյան 07:00։
Սակայն այստեղ առաջանում է հիմնական հարցը՝ եթե «Վեոլիա Ջուր»-ը պարտավորություն չունի ապահովելու 24-ժամյա ջրամատակարարում, ապա ո՞վ է այդ պարտավորության կրողը։ Պետությո՞ւնը։ Թե՞ քաղաքացին, որը պարզապես պետք է հարմարվի։
ՋՐԱՌԱՏ ՁՄԵՌ ԵՎ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ
Այս տարվա ձմեռը տեղումներով առատ էր։ Տրամաբանորեն ջրամբարների լցվածությունը պետք է բարձր լիներ։ Այդ դեպքում ինչո՞ւ է հայտարարվում համատարած ջրանջատումների մասին։
Հիշենք, թե 2024-ի նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանը ինչպես էր խոսում սահմանների հատող գետերի ինտեգրված կառավարման ծրագրի մասին։ Ավելի ուշ տարբեր պաշտոնյաներ հերքում էին այդ ծրագրի մասին տեղյակ լինելը, մինչդեռ միջազգային հարթակներում քննարկվում էր ջրային ռեսուրսների համատեղ կառավարումը։
Այս ֆոնին հարցերը շատ են՝ կա՞ արդյոք արտաքին ճնշում ջրի կառավարման քաղաքականության վրա։ Կապ ունե՞ն արդյոք այս գործընթացները ներքին ջրամատակարարման սահմանափակումների հետ։ Թե՞ խնդիրը բացառապես կառավարման ձախողումն է։
Հետաքրքիր հակադրություն է ստեղծվել։ Իշխանությունը մշտապես հարցեր ունի ռուսական կառույցների նկատմամբ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքների մասով։ Մինչդեռ ֆրանսիական կառավարման տակ գտնվող ջրամատակարարման համակարգի ձախողումների դեպքում նույն կոշտությունը չի նկատվում։
Ո՛չ խոսք է գնում կոնցեսիոն պայմանագրի վերանայման մասին, ո՛չ խիստ տուգանքների, ո՛չ էլ ազգայնացման հնարավորության քննարկման։ Փոխարենը՝ ստանում ենք մի քանի ժամում «չեղարկված» որոշում եւ իշխանության հերթական ինքնագովազդը։
Նկատենք, որ Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը քաղցրահամ ջրի պաշարներով։ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը գրունտային ջրերի պաշարներով՝ ամբողջ Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։ Բայց, արի ու տես, որ Հայաստանը փորձում են դարձնել տարածաշրջանում միակ երկիրը, որի մայրաքաղաքը ջուր կստանա ժամով։ Ասել, որ սա ազգային խայտառակություն է, նույնիսկ քիչ է: Այսքան քաղցրահամ ջուր ունենալ եւ չկարողանալ ապահովել անընդհատ ջրամատակարարո՞ւմ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ











































