Իրանը պաշտոնական նամակով, երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ըստ «The New York Times» -ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ը էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազանների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին):
Նշվում է նաև, որ արդեն էվակուացվել են Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում և ԱՄԷ-ում տեղակայված ռազմաբազանների անձնակազմի որոշ մասը:
Հարկ է նշել, որ Իրանը պաշտոնական նամակով, երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ զգուշացնելով իր վրա հավանական հարձակման մասին: Դա ապագա հնարավոր հակամարտությանը միջազգայնորեն իրավական հիմքեր տալու փորձ էր:
Տրամաբանությունն այն է, որ նախ, հնարավոր հարվածի դեպքում, Իրանը հղում անելով իր պաշտոնական նամակ-զգուշացմանը՝ պատասխան հարվածերը մեկնաբանելու է որպես միջազգային իրավունքին համապատասխան արված ինքնապաշտպանական գործողություններ:
Բացի այդ, այն պետք է ընկալել որպես պաշտոնական ազդանշան՝ ուղղված ոչ միայն ՄԱԿ-ին, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրներին: Բնականաբար, ԱՄՆ տարածաշրջանային ռազմաբազաներից անձնակազմի էվակուացիան դիտարկվում է որպես Իրանի պատասխան հարվածներից զգուշանալու նախապատրաստական քայլ:
Եվ վերջապես, երբ պետությունը սկսում է սպառնալիքները փաստաթղթավորել միջազգային կառույցներում, դա արդեն խոսում է ոչ թե ռազմական էսկալացիայի տեսական հռետորաբանության, այլ դրանց գործնական բարձր ռիսկայնության մասին»:











































