Վենսի աշխատակազմից բացատրել են՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի մասին հրապարակումը սխալմամբ է տեղադրվել վերջինիս X-ի միկրոբլոգում: Նման բացատրություն է տվել Վենսի աշխատակազմի ներկայացուցիչը Սպիտակ տան լրագրողներին, գրում Է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Վենսի X-ի պաշտոնական էջում հրապարակվել էր գրառում ԱՄՆ փոխնախագահի և նրա տիկնոջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր:
«Այդ օգտահաշիվը վարում են աշխատակիցները, որոնք առաջին հերթին պատասխանատու են փոխնախագահի գործունեության, լուսանկարների և տեսագրությունների հրապարակման համար»,-հայտարարել է նա: Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում.
«Թող Ամերիկան և Հայաստանը միասին աշխատեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի համար»:
Հիշեցնենք, Վենսին որեւէ պաշտոնյա չի ուղեկցել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:







































