Փաստացի Բաքուն այստեղ գործում է նույն մեխանիզմով, ինչ Թուրքիան տարածաշրջանում․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ հստակորեն նշվում էր, թե «նախարարությունը մտահոգիչ է համարում ԵՄ և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում Բրյուսելում ստորագրված «ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը»։ Ավելին, ըստ պաշտոնական Բաքվի՝ ՀՀ–ԵՄ փաստաթղթում ներառվել են մի շարք հարցեր, որոնք «աղավաղում են հետհակամարտային շրջանի իրողությունները և հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։
Ըստ էության, մենք այս դրվագում ևս հերթական անգամ փաստացի տեսնում ենք, որ Ադրբեջանի հռետորաբանությունը ոչ միայն չի փոխվում, այլ գնալով ավելի է սրվում՝ հրապարակավ միջամտելով ՀՀ ներքին օրակարգերին։ Այսինքն՝ այն նույն փուլում, երբ Փաշինյանն ինքնամոռաց ու անհոգին խոսում է, տարբեր ամբիոններից հայտարարում, թե «օգոստոսի 8-ից Հայաստանում խաղաղություն է եկել», Ալիևը հատիկ-հատիկ շարադրում է իր ցանկությունները, ներկայացնում կետերով պահանջներ ու ստիպում, որ դրանք կյանքի կոչվեն՝ ի դեպ հնարավորինս արագ, և ցույց է տալիս, թե ով է «պատվիրում երաժշտությունը»։ Մասնավորապես՝ Սահմանադրությունը փոխելու հետ կապված հայտնի պնդումը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հայի երես չտեսնելու մասին հայտարարությունը, իսկ հիմա էլ հերթը հասավ ՀՀ–ԵՄ հարաբերություններին։











































