Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը ցույց տվեց, որ քաղաքական օրակարգի ձևավորումը հնարավոր է վերցնել Փաշինյանի ձեռքից․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին շրջանում հաճախակի է խոսվում այն մասին, որ չպետք է փաշինյանական կրքերին հագուրդ տալ և անընդհատ շարժվել նրա օրակարգով․ փոխարենը անհրաժեշտ է դրսևորել սեփական նախաձեռնողականություն և օրակարգ սպասարկելու փոխարեն (արձագանքել, հակադարձել, փաստերը լիկբեզ անել) նոր օրակարգ առաջ քաշել, որտեղ բացակայում է նիկոլիզմը։
Այս օրերին տեսանք, որ ասվածը «գետնի վրա» կարող է իրական գոյություն ունենալ․ դրա վառ օրինակն էր Սերժ Սարգսյանի յոթժամյա փոդքասթային հարցազրույցը, որը, չնայած տեղի է ունեցել հինգ օր առաջ, շարունակում է մնալ հանրային քննարկումների կենտրոնում։ Ավելին՝ այն այնքան դիպուկ և բազմաբովանդակ էր, որ Նիկոլն անձամբ արձագանքեց մի քանի (վեց-յոթ) հրապարակումներով, իսկ նրա թիմը՝ արդեն հինգ օր շարունակ, ներառյալ ԱԺ հայտարարությունների ժամի թիմային «մարմաջը», շարունակում է արձագանքել երրորդ նախագահին։
Ասվածը վկայում է այն մասին, որ թեև նախագահ Սարգսյանը շատ քիչ նոր փաստեր է հրապարակել, այնուամենայնիվ, տեղին և թիրախային շեշտադրումներով ներկայացրել է կոնկրետ խնդիրներ՝ հանրության ուշադրությունը ուղղելով օրվա կառավարիչների մերկ իրականության վրա։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանը հմտորեն, շատ գեղեցիկ կոմբինացիայով, իշխանությունից խլեց հանրային օրակարգը, որտեղ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հեգեմոն և մոնոպոլ դիրք ուներ։
Սա նոր իրողություն է, և պետք է հստակ արձանագրել, որ այս անգամ հենց ընդդիմությունն է՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, բերել օրակարգը, մինչդեռ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շնչակտուր արձագանքում է և փորձում հակադարձել կամ պարզաբանել նախագահի հնչեցրած պնդումները։
Ամփոփելով կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը ցույց տվեց, որ քաղաքական օրակարգի ձևավորումը հնարավոր է վերցնել Փաշինյանի ձեռքից, եթե ընդդիմադիր խոսքը հիմնված է փաստարկների, հստակ շեշտադրումների և ռազմավարական հաղորդակցության վրա, և սա հենց այն շրջադարձային կետն է, որտեղ քաղաքական նախաձեռնությունն իրականցնում է նա, ով առաջարկում է խորքային բովանդակություն, ոչ թե զուտ արձագանք»։











































