Ու հենց դա է պատճառը, որ հանցագործները սրբազան հայրերի են ազատազրկում. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ իրական հանցագործներին, իրական դավաճաններին, իրական ահաբեկիչներին, իրական իշխանազավթներին, իրական երկիրհանձնողներին, իրական անհայրենիքներին չեն դատում, չեն պատժում, չեն հեռացնում երկրի կառավարումից, երկրում ստեղծվում է ամենաթողություն, երկրում ահագնանում են մահերը, սպանությունները, մանրումեծ ժուլիկությունը, երկիրը ներսից ու դրսից դառնում է անպաշտպան եւ վտանգված, որովհետեւ երկրի անվտանգության հարցերում իշխանազավթներն անում են հակառակը՝ երկրի դռները բաց ու անպաշտպան են թողնում եւ հաճոյանում են հակառակորդին, սիրաշահում են եւ աջակցություն ակնկալում նույն այդ թշնամիներից՝ կրկին երկրի կառավարումը իրենց ձեռքը հանձնելու հույսով։
Ու հենց դա է պատճառը, որ հանցագործները սրբազան հայրերի են ազատազրկում։
Դրանք վախ չունեն Աստծուց եւ երկնքից, որովհետեւ իրենց «աստվածը» իրենց ճղճիմ իշխանությունը պահելն է, իրենց եղկելի բարքերը եւ անկշտությունը շարունակելը։
Մեր երկիրը հիմա հենց այդ վիճակում է՝ հանցագործները դատում են ազնիվ, հայրենասեր, պատվախնդիր մարդկանց, իրական քաղաքացիներին։ Երբեւէ ՀՀ-ում չեն եղել այսքան մեծ թվով քաղբանտարկյալներ, դատվող սրբազան հայրեր, ու երբեք միջազգային հանրությունն այսքան լուռ ու անհողորդ չի եղել մարդու իրավունքների, դեմոկրատիայի այսպիսի ակնհայտ, գռեհիկ բռնաբարությունների հանդեպ։
Ու բոլոր կարգին մարդիկ այսօր մեծ ամոթի մեջ են, ինքս՝ մեծագույն ամոթ եմ զգում, քանի որ սրանք դեռ իշխող են մեր երկրում։ Ես ամեն օր ներողություն եմ հայցում այն բանի համար, որ Սրբազան հայրերը՝ Միքայել Աջապահյանը եւ Բագրատ Գալստանյանը գտնվում են այս անարդար իրականության մեջ։
Հոգեւոր հայրերը Աստծո ներկայացուցիչներն են հողի վրա, երկրում եւ մարդկանց մեջ եւ այդ մարդկանցից ամենաանարժանները այսօր դատում են նրանց։ Դատելով հոգեւոր հայրերին այս սրիկաները դատում են Աստծոն։ Ուզում եմ ասել՝ Աստծուց վախեցեք, բայց եւ տեսնում եմ, թե Աստված դեռ որքան հանդուրժող է։
Ու ես․․. ամաչում եմ»։