Լիբերալիստական, գլոբալիստական, փողի, նավթի, գազի և դավաճանության այս արյունոտ ու էժանագին խաղերի մեջ, հուսադրողն արցախցիների կեցվածքն է․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ կլինի, եթե օրինակ Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար, տոտալ շրջափակման մեջ լինեն, այնուհետ անօգնական, ուժասպառ ու սովահար վիճակում, ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեն 60 անգամ գերազանցող հարևանի կողմից:
Ի՞նչ կլինի օրինակ Կոսովոյի, Դոնբասի, Աբխազիայի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց ժողովրդի անվտանգության երաշխավորը լինեին Հայաստանի գործող կառավարիչիների նման մեկը:
Ի՞նչ կլիներ օրինակ Կոսովոյի, Աբխազիայի, Դոնբասի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց հետ վարվեն այնպես, ինչպես միջազգային հանրություն համարվող երկրները վարվեցին բենի տեղահանման ենթարկված Արցախի ու նրա ինքնորոշման իրավունքի հետ:
Շարունակ հումանիտար օգնություն ստացող Գազայի համար, միջազգային հանրությունն աղմուկ է բարձրացնում, Իսրայելի դեմ սանկցիաներ են փորձում կիրառել և այլն: Արցախը 9 ամիս սովի մատվեց, տոտալ սահմանափակումների մեջ, ռազմական ագրեսիայի ու բռնի տեղահանումների ենթարկվեց, ցեղասպանության ռիսկերի միջով անցավ ու ոչ մի միջազգային արձագանք Ադրբեջանի դեմ: Ոչ մի սանկցիա, ոչ մի փաստաթուղթ ՄԱԿ -ում կամ այլ տեղ:
Լավ, ասենք, թե Հայաստանի կառավարիչները դավաճան, տգետ ու ազգակործան են: Իսկ որքանո՞վ է արդարացված, բարեկամի դեմքով Հայաստանին ժպտացող, բայց միաժամանակ թշնամու ռազմական ագրեսիան ու հայկական Արցախի հայաթափումը շնորհավորող երկրների վարքը:
Քաղաքական իմաստով նորմալ է: Ուղղակի մենք պետք է վերջապես հասկանանք, որ սեփական շահերի համար այլ ազգեր կործանող աշխարհում չի՛ կարելի Նիկոլի պես վարչապետ ունենալ:
Լիբերալիստական, գլոբալիստական, փողի, նավթի, գազի և դավաճանության այս արյունոտ ու էժանագին խաղերի մեջ, հուսադրողն արցախցիների կեցվածքն է: Խելամիտ, համբերատար ու անկոտրուն:
Նրանք գիտեն, որ միևնույն է վերադառնալու են դեպի աշխարհի ամենահայկական հայրենիքը, իրենց դարավոր օջախները»: