Ըստ էության՝ տարածքային արտապատվիրակումը կարելի է համարել պատմության վտանգավոր գործընթացներից մեկը․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ներհայաստանյան խոսույթի առնացքային թեման իշխանության կողմից դաշտ նետված «արտապատվիրակել» եզրույթն է, որը վերաբերվում էր Սյունիքով անցնող, այսպես կոչված, «միջանցքի» թեմային։ Իշխանությունը սրա հետ կապված իր մեկնաբանություններն ու հանրային մատուցման տարբերակն ունի՝ այն ներկայացնելով որպես միջազգային պրակտիկայում ընդունված մոդել․ հիմա փորձենք հասկանալ, թե այդ մոդելի կիրառումն պատմության մեջ ի՞նչ հետևանքներ են ունեցել և ինչպի՞սի ճակատագիր են արժանացել «արտապատվիրակված օբյեկտները»։
Ըստ էության՝ տարածքային արտապատվիրակումը կարելի է համարել պատմության վտանգավոր գործընթացներից մեկը, երբ պետությունը որոշակի տարածքային հատվածի կամ նրա վերահսկողության իրավունքի մի մաս կամ ամբողջությունը հանձնում է այլ, հաճախ արտաքին ուժի՝ ֆորմալ սուվերենությունը պահպանելով, բայց փաստացի ինքնիշխանությունը կորցնելով։ Այդպիսի պրակտիկան բավական հին պատմություն ունի, և, որպես կանոն արդյունքները հաճախ աղետալի են եղել արտապատվիրակող պետության համար։
Արտապատվիրակված տարծքների ցցուն օրինակներից էին Էլզաս-Լոթարինգիայի կոմիսարատը Գերմանիայի և Ֆրանսիայի միջև 19-րդ դարի վերջում․ այս դեպքը ցույց տվեց, թե ինչպես են ռազմաքաղաքական պարտություններն ավարտվում տարածքների՝ արտաքին ուժերի վերահսկողության ներքո հայտնվելով, որի հետևանքով տեղի բնակչությունը հայտնվեց քաղաքական ճնշումների ու ինքնորոշման խոչընդոտների ճիրաններում։ Գուանտանամոյի ռազմաբազան Կուբայում օրինակ է, թե ինչպես տարածքի իրավական պատկանելությունը չի երաշխավորում իրական վերահսկողություն և անվտանգություն՝ բացի արտաքին պետության լիակատար վերահսկողությունից։ Պաղեստինի մանդատը Բրիտանիայի կողմից փաստում է, որ ինչպես են օտար ուժերը երկար տարիներ կառավարում են տարածք՝ տեղական ինքնիշխանությունը պրակտիկորեն զրոյացնելով։ Կիպրոսի հյուսիսային հատվածի թուրքական վերահսկողությունն էլ ավելի նոր, բայց ցավալի պատմական դեպք է, երբ միջազգային իրավունքի դեմ պատերազմական ուժով ստեղծվեց փաստացի օկուպացիա։ Չինական կոնցեսիաները 19-20-րդ դարերում և Օսմանյան կայսրության վասալ կառավարման օրինակները լրացնում են այս շարք։ Այս բոլոր դեպքերն ունեն մեկ խաչվող հանգույց՝ տարածքի իրական վերահսկողությունը արտապատվիրակվել է, իսկ սեփական իշխանության կառավարման ներուժը նվազեցվել կամ վերացվել է։
Նիկոլի կողմից այսօր հնչեցվող «պատրաստակամության» արդարացումները՝ Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը արտապատվիրակելու հնարավորությունը բացատրելիս՝ հիմնականում հիմնված են «անխուսափելիության», «անհրաժեշտության» և «զիջումների միջոցով ավելի մեծ բարիքների» հասնելու տրամաբանության վրա։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ արտապատվիրակման հիմնավորումները մեծամասամբ մանիպուլյատիվ են և ժամանակի հետ վերածվում են իշխանությունների կորցրած հողերի կամ ինքնիշխանության անընդհատ խզման։ Մեկանգամյա «զիջումները» հաճախ վերաճում են շարունակվող իրավական ու քաղաքական զիջումների, որոնք վերածվում են խորը ու անդառնալի կորուստների։
Հիմա տեսնենք, թե ինչ եղավ նշված դեպքերից հետո․ Էլզաս-Լոթարինգիան երկար ժամանակ մնաց բաժանված, բնակչությունը ենթարկվեց քաղաքական, մշակութային ու լեզվական ճնշումների, իսկ 20-րդ դարի պատերազմների արդյունքում վերաճեց մարդկային մեծ ողբերգությունների։ Գուանտանամոյի ռազմաբազան մինչ օրս ԱՄՆ-ի փաստացի տիրապետության ներքո է, առանց Կուբայի վերահսկողության, ինչն ուղղակի խոչընդոտում է երկրի տարածքային ամբողջականությանը։ Պաղեստինը շարունակում է մնալ ներքին ինքնիշխանությունից զուրկ ու չճանաչված միավոր։ Կիպրոսի հյուսիսն առ այսօր շարունակում է մնալ թուրքական տիրապետության ներքո և որպես ական մնալ տարածաշրջանում։ Չինական կոնցեսիաներն էլ երկարատևորեն խարխլեցին Չինաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
Այս բոլոր օրինակները վկայում են, որ նման արտապատվիրակման համար՝ անգամ եթե այն սկսվում է իբրև «ժամանակավոր», «զիջման» կամ «առավելագույն շահի» ուղերձ՝ այն մեծացնում է արտաքին կախվածությունը, թուլացնում է պետության անվտանգային համակարգը, քայքայում է ազգային ինքնորոշման իրավունքը, և հաճախ ավարտվում է փաստացի տարածքային կորուստով կամ երկարաժամկետ օկուպացիայով։
Այլ կերպ ասած՝ պատմությունը զգուշացնում է, որ տարածքի արտապատվիրակումը պետք է դիտարկել րպես ծանրակշիռ ռիսկերով լի դավադրություն պետության ինքնիշխանության դեմ»։