Դատապարտում եմ այն, ինչ այսօր կատարվում է ՀՅԴ-ի նկատմամբ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ Հեղափոխական Դաշնակցության շուրջ արդեն խիստ անթաքույց այս գործողությունները դեժավյու են առաջացնում։ Խստորեն դատապարտում եմ ապօրինությունները, ՀՅԴ անդամների ձերբակալությունները եւ կալանավորումները։Այս ամբողջ խառնաշփոթը մեկ անուն՝ պետական մակարդակով ահաբեկչություն։ Եւ, հիմնականում, գնում են այն մարդկանց տներ, կալանավորում են այն մարդկանց, որ արցախյան ազատամարտի բոլոր փուլերում եղել են հանուն հայրենիքի պայքարի առաջնագծում, իսկ ավելի երիտասարդները, մասնակցել են արդեն 44 օրյային։Գնում են այն մարդու տուն, եւ կալանավորում են այն մարդու որդուն, ում եղբայրն այսօր Բաքվի բանտում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կողքին։
Այս ամենը պատահականություն լինել չի կարող,սա լուրջ վտանգ է մեր ժողովրդի համար, մեր երկրի համար, որովհետեւ ներսում բոլորին բռնել-փակելով սրանք երկիրը արդեն փաստաթղթային հանձնում են թուրքերին։ ՀՀ այսօրվա <իշխողները> թուրքին են սիրում եւ, ոչ՝ հային։ Նայեք Աբու-Դաբիի հանդիպումը, տեսեք, թե ինչ ջերմությամբ են ողջագուրվում թուրքերի հետ, այն մարդկանց, որոնք չեն էլ թաքցրել, որ 44 օրյա պատերազմում, որում 5 հազար լույս տղա զոհ գնաց, իրենք մասնակից են, ովքեր չեն թաքցնում, որ լավ հայը սպանված հայն է։ Հարյուրամյակ եւ ավելի թուրքը չի էլ թաքցրել, որ հատուկ ընդգծված վերաբերմունք եւ վախ ունի ՀՅԴ-ից ու, այսօր սրանց ձեռամբ փորձում է ճնշել։ Իսկ ով ասաց, թե սա իրենց պահանջը չէ։
Պատմությունը այսօր մեր ազգին դաժան դաս է տալիս, որովհետեւ մենք մեր պատմության դասերն այդպես էլ չսովորեցինք։
Դատապարտում եմ այն, ինչ այսօր կատարվում է ՀՅԴ-ի նկատմամբ, ուստի՝ չի կարելի լռել, պետք է միասնական դառնալ եւ կանգնել ի պաշտպանություն մեր հայրենիքի, որը օրը ցերեկով արտա-պատվիրակում են, իսկ արտապատվիրակումից արտահանձնում մեկ քայլ է»։