Սա օրենքի կիրառում չէ՝ սա իշխանական պարզ, փնթի ռեպրեսսիա է․ Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի քաղաքական դաշտում վերջին օրերի զարգացումները մտահոգիչ են ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլև իրենց ցինիկ ու խեղաթյուրված մոտեցմամբ։ Երբ վարչապետի ընտանիքի անդամները հրապարակային գրառումներով անցնում են բարոյականության, արժեքների և նույնիսկ նորմալության բոլոր սահմանները, երբ վիրավորում են Եկեղեցին,սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ հասարակական հիմքերի նպատակային քայքայման ծրագրի իրականացում։
Երբ իշխանությունը սարքում է հերթական «դավադրական» նյութը և իրենց իսկ կայքերով մատուցում որպես իբր «պետական հեղաշրջման» պլան՝ առավոտյան երկրի ողջ տարածքում սկսում են ընդդիմադիրների տներում խուզարկություններ։ Սա այլ բան չէ, քան բացահայտ հետապնդում ընդդիմախոսների նկատմամբ՝ միաժամանակ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով։
Ուշադրության է արժանի նաև այս օրերին կիրառվող հարկային բեսպրեդելը, որն ուղղված է Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններին։ Ոչ ոք Հայաստանում այս պահին նման տոտալ և մանրակրկիտ ստուգումների չի ենթարկվում, ինչպես նրանք, ովքեր ունեն սկզբունքային դիրքորոշում և աջակցում են ազգային գաղափարին։ Սա օրենքի կիրառում չէ՝ սա իշխանական պարզ, փնթի ռեպրեսսիա է։
Երբ երկրի ղեկավարը մի ձեռքով խոսում է օրենքի մասին, իսկ մյուսով՝ իջեցնում անձնական հետապնդումների հրամաններ, երբ ընտանիքով փորձում են ծաղրել Եկեղեցին ու բարոյական հենասյուները՝ մենք գործ ունենք ոչ թե ցինիզմի, այլ բացահայտ ապաշնորհության, անկայուն հոգեվիճակի և իշխանությունը պահելու մոլագար ցանկության հետ։
Բայց որքան էլ նրանք սեղմեն, խեղդեն ու ստեն՝ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր ավելի վճռական են դառնում։ Եվ ամեն նման գրառում, ամեն խուզարկություն, ամեն ձերբակալություն էլ ավելի է ամրացնում գիտակցումը՝ որ պետք է օր առաջ ազատվել այս հիվանդ և հոգեպես սնանկ իշխանությունից։
Հ.Գ. Էդ «պլանը» էնքան արագ են տպել/սարքել, ու էնքան շտապ ա պետք եղել, որ նույնիսկ մեխանիկական տառասխալները չեն ուղղել: Կարծում եմ, որ Երևանում վերջին օրերին երթևեկության փոփոխություններ գծողը և էդ հանճարեղ «պլանը» գծողը առնվազն ինչ-որ կապ կարող են ունենալ»: