Մենք չենք լռելու․ Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրականում նույնիսկ մի փոքր անհարմար է արձագանքել, բայց 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որպես աջակից տեղավորված ոմն ակտիվիստ/աջակից Սերգեյ Համբարձումյանը հայտարարում է, թե իբր ում կողքին կանգնում է Սերժ Սարգսյանը՝ նրան «վատ է լինում» և նա «վարի է գնում»։ Այդ միտքը նա ձևակերպում է որպես հեգնական ճշմարտություն՝ մոռանալով կամ ձևացնելով, թե չի հիշում, թե ով էր կանգնած Ռոբերտ Քոչարյանի կողքին այն տարիներին, երբ գրանցվում էին հաղթանակներ թե՛ պատերազմում, թե՛ քաղաքականությունում։
Ինչպե՞ս պատահեց, որ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն անձամբ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը, այդ «վտանգավոր լինելու» մասին չէիք խոսում։ Երբ միասին կառուցում էին պետական համակարգ, միասին էին կերտում հաղթանակները, միասին խորհրդանշում էին ուժեղ Հայաստան։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանի ներկայությունը ոչ մեկիդ չէր նեղում։ Հիմա հանկարծ հիշեցիք, որ իբր ով նրա կողքին կանգնի վարի կգնա, ստացվում է, որ դուք ձեր առաջնորդին վարի գնացած ե՞ք համարում: Սա առնվազն տարօրինակ է:
Բայց խնդիրն ավելի խորն է։ Հենց այստեղ է ձեր իրական վախը։ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը հստակ անզիջում է այսօրվա կապիտուլյանտ իշխանության ու նրա շահերը սպասարկողների հանդեպ։ Դուք չեք մարսում, որ չնայած ձեր կեղտոտ պրոպագանդաներին, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է կանգնած մնալ Հայաստանի, Բանակի, ու Եկեղեցու կողքին՝ առանց վախենալու։
Այո՛, այսօր էլ նա կանգնած է Սամվել Կարապետյանի կողքին՝ մի մարդու, որի նկատմամբ իրականացվում է աննախադեպ քաղաքական հետապնդում և ակնհայտ բեսպրեդել, միայն այն պատճառով, որ նա կանգնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին: Այո Սերժ Սարգսյանը կանգնած է այն մարդու կողքին, ով ուղիղ պայքարի մեջ է մտել դավաճանի հետ՝ հանուն Հայաստանի:
Այն ճամբարը, որում տեղավորվել են Սերգեյ Համբարձումյանը և իր պես որոշ «հիշողությունից թույլ» մարդիկ, չունի որևէ կառուցվածքային պատասխանատվություն ու քաղաքական հստակ տեսլական, այդ իսկ պատճառով վերոգրյալ ճամբար գաստռալյոռներից բացի սղոսկել են նաև տարբեր տեսակի «ափսեներից մնացորդներ փնտրողներ»՝ լոկալ շահի հետևից ընկած պասաժիրներ, որոնք թիմին վնասից բացի բան չեն տալիս:
Ես՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ, խոսում եմ արժանապատվությամբ, հիշողությամբ և համոզմամբ։ Մենք կուսակցություն ենք՝ մեր հստակ գաղափարաբանությամբ, ճանապարհով, պատմությամբ ու պայքարով։ Մենք չենք փոխում դիրքորոշում քաղաքական քամուց կախված, դա լավ իմացեք:
Եվ ոչ մի ճնշում, ոչ մի լկտի քարոզչություն, ոչ մի հարձակողական արշավ չեն կարող լռեցնել այն մարդկանց, ովքեր պայքարում են հանուն պետության, բանակի, Արցախի ու մեր Եկեղեցու։
Մենք չենք լռելու, մենք միշտ լինելու ենք Հայաստանի և Հայաստան աշխարհը սիրողների կողքին։ Իսկ դուք՝ վաղ թե ուշ ստիպված եք լինելու պատասխան տալ, թե հանցավոր անգործության, և թե մանր մուտիլովշիկության համար»: