08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շատ լավ հասկանում են՝ ինչ նպատակ ունի Սամվել Բաբայանը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախի ներկայացուցչությունում հավաք է նշանակված, որին պետք է մասնակցեն ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, կառավարության որոշ անդամներ, ինչպես նաեւ՝ խորհրդարանական կուսակցությունների եւ խմբակցությունների ղեկավարները։ Վերջին ժամանակներս այս ֆորմատով բազում հանդիպումներ են անցկացվել, նախաձեռնությունն Արցախի նախագահի կողմից է եղել: Հանդիպումներին անդրադարձ են կատարում արցախցիների ընթացիկ, սոցիալական խնդիրներին, քննարկում իրենց ապագա անելիքները եւ նման այլ հարցեր՝ առանցքում պահելով մանավանդ Արցախի խորհրդարանի լիազորությունների շարունակականության հարցը։

Հայտնի է, որ 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը, կարելի է ասել` այն միակ կառույցի, որն Արցախի կորստից հետո գործել է: Եվ քանի որ հայտնի պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել եւ նոր խորհրդարան ընտրել՝ ըստ էության պահպանելով ԱՀ պետական ինստիտուտներից կարեւորագույնը (եթե անգամ ընտրությունների անցկացման տեխնիկական խնդիրները հաղթահարվեն, Հայաստանի իշխանությունները դա թույլ չեն տա՝ համարելով ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող վտանգ),  ուստի քննարկումներ են ընթանում, փորձում են որեւէ իրավական լուծում գտնել, որպեսզի ԱՀ խորհրդարանը, թեկուզ ինչ-որ մարմնի կարգավիճակով, շարունակի իր գործառույթներն իրականացնել, ինչպես նաեւ՝ նախագահի ինստիտուտը, կառավարությունը սկսեն գործել։ Արցախի քաղաքական էլիտան ամեն ջանք գործադրում է, որ Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն՝ ցույց տալով, որ ԱՀ լուծարման որոշում գոյություն չունի, եւ փորձելով այդ փաստը միջազգային հարթակներում օգտագործելով՝ ծառայեցնել արցախցիների վերադարձի խնդրին։

Մենք գրել էինք, որ այս քննարկումների ժամանակ Սամվել Բաբայանն առաջարկել է՝ քանի որ ՀՀ իշխանությունները վտարանդի կառավարություն չեն հանդուրժում, ԱԺ որոշմամբ հասարակական կազմակերպություն կամ հանձնաժողով ձեւավորենք, նախագահ ու անդամներ ընտրենք, որը կլինի լուծարվող խորհրդարանի իրավահաջորդը եւ կզբաղվի արցախցիների խնդիրներով։ Նշենք, որ 2 օր առաջ Բաբայանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մանրամասն նկարագրել է իր առաջարկը՝ ասելով նաեւ, որ հոկտեմբերի 8-ին նշանակված հավաքին գնալու է, եւ թող որոշում կայացնեն, թե ինչ է լինելու, երբ 8-9 ամիս հետո խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվի։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը թեեւ այդ ֆորմատի հանդիպումներին չի մասնակցում, քանի որ խմբակցության ղեկավարը Դավիթ Գալստյանն է, կուսակցության նախագահն էլ՝ ամուսինը՝ Հակոբ Հակոբյանը, ասաց, որ տեղյակ է այդ առաջարկի մասին, որը քննարկվել է նաեւ իրենց կուսակցությունում, սակայն իրենք դեմ են պետական ինստիտուտը ՀԿ-ով կամ հանձնաժողովով փոխարինելու գաղափարին, դեմ են ԱՀ խորհրդարանում բոլորը եւ քննարկում են այլ լուծումներ։

«Չկա այնտեղ որեւէ մեկը, ով կողմ է իր առաջարկին, որովհետեւ բոլորը շատ լավ հասկանում են՝ ինչ նպատակ ունի այդ անձնավորությունը։ Նպատակը կոնկրետ այս պարագայում Նիկոլ Փաշինյանին օգնությունն է, դա հիմնահատակ քանդելու է Արցախի պետական ինստիտուտները։ Թե 8 կամ 9 ամիս հետո ինչ պետք է լինի, մենք այդ մասին մտածում ենք, տարբերակներ ենք մշակում, այնպես որ, իր առաջարկը որեւէ մեկի կողմից չի ընդունվել եւ շատ արագ ներքին քննարկումներում մերժվել է։ Բոլորս հասկանում ենք, որ իր տարբերակն այս իշխանությունների ցանկությունն է, որը, հաստատ, իրականություն չի դառնալու»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն այսօր էլ իրենք հետամուտ են լինում եւ ազդում կառավարության վրա, ուստի Բաբայանի առաջարկը զուտ քաղաքական նպատակ ունի՝ լուծարել պետական ինստիտուտները:

«Իսկ սոցիալական խնդիրների մասին թմբկահարումը, արցախցիներին օգնելու մասին հայտարարություններն իրենց մեջ զուտ նախընտրական երանգներ են պարունակում, որ գալիք ընտրություններին կորզեն արցախցիների ձայնը»։

Մետաքսե Հակոբյանը նաեւ վստահեցրեց, որ լուծում կգտնվի, եւ խորհրդարանը կշարունակի իր լիազորությունները․ «Ելքեր, անշուշտ, կան, դրանց ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատանքներ են տարվում, դեռ ընթացքի մեջ են քննարկումները, որոնք իրականացվում են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս տարբեր կառույցների, փորձագետների հետ։ Ամեն ինչ արվելու է, որ պետական ինստիտուտներն իրենց լեգիտիմությունը եւ իրավական ուժը չկորցնեն, բայց չեմ կարող հիմա մանրամասնել, թե ինչպես»։

Հիշեցրինք, որ Բաբայանի կուսակիցների բոյկոտի հետեւանքով վերջերս խորհրդարանում տապալվեց սեպտեմբերի 19-ն Արցախի ցեղասպանության օր ճանաչելու նախաձեռնությունը, եւ Բաբայանն ու կողմնակիցները հայտարարում են, որ Արցախի խորհրդարանում այսօր չկա մեծամասնություն, իրենց ձայնն է վճռորոշ․ ինչպե՞ս եք ապահովելու ապագա որոշումները, եթե այդպես է։

«Այդպես չէ»,- կտրուկ հակադարձեց Հակոբյանը: «Մենք առանց իրենց էլ ունենք մեծամասնություն, պարզապես այդ օրը մեր մտքով անգամ չէր անցնում, որ ցեղասպանության հետ կապված նախագծին Արցախի որեւէ խմբակցություն կարող է դեմ լինել, իրենք առանց առիթի, առանց հիմնավորման բոյկոտեցին։ Իսկ այդ օրը կային բացակա, առողջական խնդիրներ ունեցող պատգամավորներ, որոնք եթե ներկա լինեին, չէր տապալվի։ Իրենք 8-ն են, եւ 32-ից 8-ի չմասնակցությունը քվորումի խնդիր չի կարող առաջացնել։ Գիտեք, մենք ժամանակին նման շանտաժների միջով անցել ենք, երբ նման ձեւով փորձում էր իշխանազավթում կազմակերպել, բայց չստացվեց»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ