22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանն իրեն նշանակել է, ճիշտ է արել, հիմա էլ հասկացել է…

«Հրապարակ» -ը գրում է.

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

– Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ ղեկավար մարմնում որոշել են, որ հաջորդ նախարարը լինելու է թիմից՝ սրսուռ ՔՊ-ական։ Բայց դուք բազմիցս հայտարարել եք` եկեք միասնական լինենք, չպառակտենք ազգը․ պետության համար ծանր փուլում իշխանությունը չպիտի՞ առաջնորդվի անձանց պրոֆեսիոնալիզմով, ոչ թե կուսակցական պատկանելությամբ։

– Եկեք երկու դաշտերը չխառնենք իրար, ինչո՞ւ եք ազգի միասնականությունը կապում դրա հետ, նա կադրային քաղաքականություն է, ազգային միասնականությունը՝ ուրիշ բան։

– Բայց դուք եք պառակտում՝ առաջնահերթություն տալով թիմակցին, գուցե շատ ավելի լավ իրավաբաններ կան մյուս թիմերում։

– Որպեսզի ես՝ ինքս, որպես ԱԺ անդամ, էլ ավելի լավ հնարավորություն ունենամ նրան վերահսկելու, ազնվության ու արդարության դաշտում պահելու։

– Եթե թիմից չլինի, չե՞ք կարող վերահսկել, ինստիտուցիոնալ վերահսկողական գործիքակազմ ունեք։

– Կարող ենք, բայց այս դեպքում վերահսկելու հնարավորությունն ավելի մեծ է։

– Ինչպե՞ս է մեծ։ Նկատի ունեք` ձեր թիմակցին ավելի լավ եք ճանաչելու…

– Բոլոր, բոլոր առումներով։

– Բայց Գրիգոր Մինասյանը միակը չէ, չէ՞, որ ձեր թիմից չէ։

– Այո, տեսականորեն կարող է լինել եւ եղել է, որ բացարձակապես թիմից չեն եղել, բայց նշանակվել են, իրենց արդարացրել ու մնացել են։ Հիմա ուզում ենք նշանակել մեկին, որի վրա վստահ կլինենք, որ կարդարացնի, ոչ թե հուսանք, որ կարդարացնի, այլ՝ վստահ լինենք։

– Փաստորեն, վստահ եք, որ ձեր թիմում լավ իրավաբաններ կան, մինչդեռ թեկնածուների մեջ կա անգամ իրավաբանական կրթություն չունեցող, օրինակ` Արփի Դավոյանը։

– Թողեք, հա՞, դա, իսկ ո՞վ ասաց, որ թիմից դուրս չեն կարող լավ մասնագետներ լինել, կարող է լինեն, ուղղակի առաջ չեն գալիս, որ իրենց տեղն իմանանք, եւ ծառայություններն առաջարկեն։ Պետություն կառուցելու ժամանակ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրը կարող է․․․ մարդու մեջ պետք է տեսնել պետականամետություն, ազնվություն, արդարամտություն, նվիրվածություն։

– Բայց դուք առաջնորդվում եք ՀՀՇ-ի հայտնի լոզունգով՝ «պոլի փետ լինի՝ ՔՊ-ից լինի», ինչո՞ւ եք բողոքում։

– Մի գաղտնիք բացեմ․ դա ինձ են ասել` անձամբ ինձ, եւ դա ասել է Արշակ Սադոյանը։ Պատմե՞մ՝ լսեք։ Ուրեմն 1990 թվականի Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների ժամանակ ես 73-րդ ընտրական օկրուգում, որը 8-րդ զանգվածն էր, ուր ես մեծ հեղինակություն էի վայելում, նույնպես առաջադրվել էի, բայց լինելով ՀՀՇ-ի ակտիվ մասնակից եւ «Ղարաբաղ» կոմիտեի տեղական կոմիտեի նախագահ, ես, երբ 89 թ․-ին ՀՀՇ-ն դարձավ կուսակցություն՝ ՀՀՇԿ, ու ես հրաժարվեցի մտնել կուսակցություն, 90 թ․ ընտրություններին ՀՀՇ-ն 73 օկրուգում առաջադրեց մի անձնավորության, ես մոտ 140 ձայնով պարտվեցի, այն ժամանակ 50+ էր պետք։ ՀՀՇ-ին պատկանող «Հայք» թերթով լույս տեսավ ցուցակ, որտեղ հրապարակել էին, թե ՀՀՇ-ն որ թեկնածուներին է աջակցում։ Ես զարմացա, որ ոչ թե իմ անունն էր գրված, այլ՝ այն մարդու, որին առաջադրել էին։ Այն դեպքում, որ լինելով պատգամավորական թեկնածու, 34-րդ օկրուգում Բաբկեն Արարքցյանի վստահված անձն էի՝ Արաբկիրում։ Երբ վարչությունում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մյուսները ներկա էին, հարցրի՝ ինչո՞ւ եք մարդ բերել, իմ դեմը դրել, եթե ես այդտեղ առաջադրվել էի, հատկապես որ բոլորդ ինձ ճանաչում եք, ես երկրորդ դեմքի՝ Արարքցյանի վստահված մարդն էի։ Արշակ Սադոյանը շուռ եկավ, ինձ ասաց, որ դու ՀՀՇԿ-ից չես, ասացի՝ հետո՞ ինչ, պատասխանեց՝ ըտենց ա, թող ՀՀՇ-ից լինի՝ պոլի փետ լինի։

– Լավ չէր, չէ՞, հիմա նույնը դուք եք անում, ասում եք՝ ՔՊ-ից պիտի լինի։

– Ոչ, դա նրա հետ կապ չունի․ կներեք, մինչեւ հիմա 2 տարի թիմից չէր, բա ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում, հիմա էլ որոշել ենք թիմից մեկին ստուգել։ 2 տարի մենք վստահել ենք լրիվ օտար մարդու, երբ հասարակությունն այդ մարդուն դեմ է եղել, մենք հնարավորություն ենք տվել այդ մարդուն անելու։ Ինձ այն ժամանակ ՀՀՇԿ-ն հնարավորություն չտվեց, իմիջիայլոց` իրենց թեկնածուն էլ չանցավ։

– Մարդիկ ամենաշատը ձեզ են դեմ, ինչո՞ւ չեք հեռանում։

– Սխալվում եք` մեր իշխանությանը դեմ չեն, մենք 60 տոկոսից ավելի կողմնակիցներ ունենք։

– Նախարարին էլ Փաշինյանն է նշանակել, հո օդից չի՞ ընկել։

– Նիկոլ Փաշինյանն իրեն նշանակել է, լավ է արել, ճիշտ է արել, հիմա էլ հասկացել է․․․ մենք հասկացել ենք, որ նշանակումը սխալ էր, պահանջել ենք, որ չեղյալ հայտարարի, ինչո՞ւ եք այսքան պրոբլեմ սարքում, քի՞չ մարդիկ կան, որ նշանակվել, հետո ազատվել են, ինչի՞ եք սրա վրա սեւեռվել։

– Որովհետեւ դուք էիք սեւեռվել, մենակ Մինասյանի դեմ արշավ իրականացրիք։

– Ի՞նչ գիտեք, գուցե այն ժամանակ էլ ուրիշների դեմ է նման ըմբոստություն եղել։

– Օրինակ, ո՞ւմ։

– Անցնենք։

– Գրիգոր Մինասյանի դեպքում Դուք` անձամբ, ինչի՞ց էիք դժգոհ։

– Ես գտնում եմ, որ նման կարեւոր տեղում, այո, պետք է թիմից լինի, որպեսզի մենք ավելի պատասխանատու ձեւով պահանջենք։ Դա չի նշանակում, որ ասում ենք, թե բոլոր պաշտոններում պետք է միայն թիմից լինի, ոչ, ոչ եւ ոչ։

– Արդարադատության ոլորտն ուզում եք թիմակից ղեկավարի, որ նախկինների դատաստա՞նը տեսնի` թալանի եւ այլնի դեմ պայքարի։

– Ես դրա մասին չեմ ուզում խոսել, ես գիտեմ, որ հասարակության մեջ մեծ դժգոհություն է եղել, եւ ստացվել է այնպես, որ մենք լսեցինք իրենց։

– Եթե անարխիա չի լինելու, ապա իսկապե՞ս կարծում եք, որ Արփի Դավոյանը կամ Արուսյակ Ջուլհակյանն ավելի լավ նախարար կարող են լինել, քան Գրիգոր Մինասյանն էր։

– Ուրեմն լսեք․ կոլեկտիվ աշխատանքի մեջ ավելի մեծ դեր է խաղում մենեջերությունը, քան թե մարդու ռեալ կարողությունները։

– Մենեջերության համար էլ է խելք, փորձառություն հարկավոր։

– Մի րոպե, ես չեմ կարծում, որ եթե, օրինակ, Արփի Դավոյանը լինի, մենք զգանք, որ ինչ-որ հարցում սխալ է, մենք շատ հնարավորություն ունենք՝ անմիջապես կապվելու եւ ասելու՝ Արփի ջան, այս հարցն այսպես է, իսկ այդ աղջիկն ուզածդ ժամանակ, ուզածդ խոսքերը լսում է եւ վերլուծում։ Եթե թիմն է առաջադրում, թիմն էլ պատասխանատվություն է վերցնում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ