Դավաճան ասելիս, նայեք ձեզ ու ձեր շրջապատին․ Օսիպյանը՝ Գասպարյանին
«Ես մշտապես հարգել եմ Վլադիմիր Գասպարյանին և շնորհակալ եմ եղել իրեն, բայց ինձ համար խիստ անընդունելի է այն ամենն ինչ այսօր հնչել է նրա կողմից»։
Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին ու վիրավորանքներին ի պատասխան։ Նախ Օսիպյանն ասաց, որ միշտ էլ խուսափել է Վ․ Գասպարյանի գործունեության և նրա հայտարարությունների վերաբերյալ խոսելուց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության Գասպարյանն իրեն դավաճան է անվանում, ինքն արձագանքում է։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը Վալերի Օսիպյանի մասին խոսելիս ասել էր․ «Պարոն Օսպյսնաը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց ու գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ, մարդկանց տեսակն է այդպես», լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով` Օսիպյանը համակարգին դավաճանել է` սկսած «Սասնա ծռեր»-ից:
«Նախ ասեմ, որ ես չէի ուզենա խոսել, և առհասարակ Վլադիմիր Գասպարյանի ասածներին կոպիտ ասած բանի տեղ չէի դնում։ Անցած տարի էլ ինքը իր փաստաբանի միջոցով էր խոսել։ Այս ամենը նախապատմություն ունի, հիմա ես ձեզ ասեմ։ Ոստիկանության հաշվեկշռում կային բնակարաններ, որոնք նվիրատվություններ էին անում, բայց փաստաբանն ասել էր, թե Օսիպյանի զեկուզագրի հիմնան վրա գործ են հարուցել և այլն։ Հարգարժան փաստաբանին տեղեկացնեմ, որ ղեկավարը ենթակային զեկուցագիր չի գրում, այլ ստացել ենք համապատասխան տեղեկություն, համապատասխան գրությունով»,– ասաց Օսիպյանը, հավելելով, որ այդ ամենով պայմանավորված ընդամենը գրություն են ուղարկել և քրեական վարույթ իրականացնող մարմինը ընթացք է տվել։ Վովա Գասպարյանի հայտարարությունները Վալերի Օսիպյանը տղամարդուն ոչ վայել բամբասանք է որակում։
«Ես այսքան ժամանակ լռել եմ, ձայն չեմ հանել։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա պարոն Գասպարյան ինքներդ ձեզ նայեք ու ձեր շրջապատին։ Ուղղակի լռել եմ այսքան ժամանակ, երբ իմ պաշտոնավարման ժամանակ անընդհատ խանգարել եք, հնարավոր բոլոր եղանակներով, ձեր ընկերներին էլ ասելով, թե իբր շուտով հետ եք վերադառնալու համակարգ։ Իսկ ձեր մտերիմներն այսպես ասած, հերթ չտալով գալիս էին համապատասխան տեղեկություններ էին հայտնում, որ օր ու գիշեր իբր ձեր հետ էին»,– ասել է Օսիպյանը, խոսելով Գասպարյանի այն հայտարարությունից, թե ինքը համակարգը դավաճանել է «Սասնա ծռերի» ՊՊԾ գունդը գրավելու ժամանակից սկսած։ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ այդ ժամանակ ինքն ապրում էր Նուբարաշեն վարչական շրջանում, սակայն ամենաառաջիններից մեկն է եղել, երբ կատարվածի մասին լսելուց հետո անմիջապես շտապել է։ Օսիպյանը նաև խորհուրդ տվեց Վովա Գասպարյանին թարմացնել հիշողությունը, դիմելով ԱԱԾ–ին, գուցե տրամադրեն այդ օրերից որոշ ձայնագրություններ։
« Ես սկզբունքային մնացի մինջև վերջ, հավատարիմ իմ ուսադիրներին և առաքելությանը, որպես սպա, մարդ ու ընկեր, որովհետև այդտեղ զոհվել է իմ ընկերն ու գործընկերները»,– ասել է Օսիպյանը, հավելելով, թե Գասպարյանը այդ մասին շատ հստակ գիտի, քանի որ նախաքննական մարմնում տված ցուցմունքում և դատարանում այդ մասին ինքը պնդել է։ «Լրագրողը լավ հարցադրում արեց, ասելով, թե եթե այդպես է ինչու եք այդքանից հետո թողել, որ նա պաշտոնավարի։ Սա ուղղակի զառանցանք է, բարբաջանք։ Ինչ–որ մեկին որակավորում տալուց թող իրենց նայեն»,– ասել է նախկին ոստիկանապետը, հայտարարելով, թե այն նույն աշխատասենյակը, որտեղ Գասպարյանն է երկար տարիներ նստել, աշխատել է նաև ինքը ու հազար ու մի բան գիտի։
«Ինչո՞վ է պայմանավորված դավաճանությունը, կամ վախկոտությունը, պարոն Գասպարյան, որ ամենապատասխանատու ժամանակ բոլորդ ինձ մենակ էիք թողում, ու կաբինետներից դուրս չէիք գալիս, իսկ ՀՔԾ–ում ասում էիք, թե հրաման տվողն ու որոշում կայանցնողը ինքն էր։ Ես կրկնում եմ, երբեք չէի անդրադառնա, բայց Գասպարյանն անթույլատրելի հայտարարություններ արեց»,- ասաց Վալերի Օսիպյանը, շարունակելով․ «Պարոն Գասպարյան, երևի մոռացել եք, որ 2018 թվականին ասում էի մի բան ձեռնարկենք, ինքներդ էիք ասում հանգիստ եղեք, այսպես ասած ամեն ինչ կոնտրոլի տակ է, իսկ սա դավաճանություն չէ՞։ Այսքանը կասեմ ու կշարունակեմ լռել, որ պարոն Գասպարյան, դուք հանգիստ քնեք»։