«Մենք սրանով քաղաքական դիրքորոշում ենք ցուցաբերում»
_1427120005.jpg)
«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովը նախագծի քննարկումից հետո ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին շահագրգիռ քննարկումների համար: «Եվս մեկ վերահաստատեցինք, որ ՀՀ ԱԺ-ի բոլոր պատգամավորները, քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, իշխանություն, թե անկախ պատգամավորներ կողմ են այս հայտարարության նախագծին, և գտնում ենք, որ ՀՀ ԱԺ-ն, որպես օրենսդիր մարմին, պետք է դատապարտի Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած հույների և ասորիների ցեղասպանությունը»:
Արձագանքելով պատգամավորներից ոմանց առաջարկներին, որ ավելի լավ կլիներ, որ սա ոչ թե որպես հայտարարության ներկայացվեր, այլ օրենքի նախագիծ՝ Շարմազանովն ասաց, որ այս հարցը քննարկել ու նպատակահարմար են գտնում հանդես գալ հայտարարության նախագծով.
«Մենք սրանով քաղաքական դիրքորոշում ենք ցուցաբերում, և շատ կարևոր է, որ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներն իրենց քաղաքական գնահատականները հնչեցնեն և դատապարտեն այդ ցեղասպանությունը»:
Այլ ցեղասպանությունները չներառելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահն ասաց, որ այս հարցը նայվել է գիտնականների հետ, ու ցեղասպանագիտության մեջ Օսմանյան Թուրքիան իրականացրել է ցեղասպանություններ միայն քրիստոնյաների՝ հույների, ասորիների ու հայերի նկատմամբ:
Շարմազանովն ընդգծեց, որ համահայկական հռչակագրից այստեղ հստակ մեջբերումներ կան, ՄԱԿ-ի կոնվեցիաներից ևս: Նա առաջարկեց այս հարցը քվեարկության դնելիս թվականները հանել հայտարարության անվանումից: