Հայաստանը կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական փառատոնին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության կազմակերպչական աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ ս. թ. հունիսի 5-8-ը, Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը:
Ս. թ. մարտի 18-ին, ժամը 13:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ մամուլի ասուլիսով պաշտոնապես հայտարարվեց Հայաստանի մասնակցությունը՝ Կաննում անցկացվող MIDEM միջազգային երաժշտական փառատոնին:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կարևորելով Հայաստանի մասնակցությունը MIDEM երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնին, ընդգծեց այն գաղափարական հենքը, որով ուղղորդվում է հայկական ծրագիրը: Հիշողություն, երախտագիտություն, վերածնունդ՝ 3 կարգախոս, որոնք բանաձևում են ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան:
«Հայաստանի մասնակցությունը MIDEM փառատոնին վերածննդի գաղափարի տիրույթում է, որովհետև մենք ներկայացնում ենք մի մշակույթ, որը վերածնված Հայաստանում է ստեղծվել: Մեր հայացքը միշտ ուղղված է լինելու Կոմիտասին՝ որպես վերածնված ժողովրդի հավատի, ոգեղենության ու մշտարթուն պահանջի խորհրդանիշ։
Եվ օրինաչափ է, որ հենց կոմիտասյան արվեստն է լինելու հայաստանյան մասնակցության հիմնաքարն այս փառատոնին»,-նկատեց Հասմիկ Պողոսյանը: Նախարարի խոսքով՝ մենք հրաշալի առիթ ենք ունենալու՝ ոչ միայն ներկայացնելու մեր մշակույթը միջազգային հարթակներում, այլև օգտվելու նոր հնարավորություններից: MIDEM-ին ներկա են լինելու պրոդյուսերներ ու մենեջերներ՝ տարբեր երկրներից, ինչը հայ երաժշտախմբերի ու արվեստագետների համար նոր հրավերների հեռանկարներ է ստեղծելու:
MIDEM-ը երաժշտական ինդուստրիայի աշխարհի կարևորագույն փառատոներից է, որն անցկացվում է 1966 թվականից ի վեր, Ֆրանսիայի Կանն քաղաքում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ֆիրմաները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ (Սիկորսկի, Հարմոնիա Մունդի և այլն):
Յուրաքանչյուր տարի, մասնակից երկրներից մեկին հնարավորություն է ընձեռվում ներկայանալու փառատոնին պատվավոր երկրի կարգավիճակով, ինչն էլ նշանակում է, որ փառատոնի շրջանակում` գերակա երաժշտական թեման տվյալ երկրի երաժշտությունն ու մշակույթն է:
MIDEM փառատոնը` երաժշտարվեստի ոլորտում մեր հարուստ ժառանգության և արդի զարգացումներն աշխարհին ներկայացնելու կարևոր հարթակներից է: Այս չորս օրերի ընթացքում ողջ Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում կհնչեն հայկական դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ և այլն:
Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտաս, ինչպես նաև Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտոների` Հայաստանին նվիրված ստեղծագործություների թեմաներով:
Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով ներկայացնելու նպատակով՝ «ՊրոԱրտ» ընկերության ստեղծագործական թիմը մշակել և ներկայացրել է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգը:
Հայաստանի` որպես MIDEM-2015 փառատոնի խորհրդանիշ է մշակվել ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս տարբեր գույներով, որոնք և խորհրդանշում են ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը` հողը, օդը, ջուրը և կրակը: Այս չորս հիմնական տարրերի հայկականությունն է, որ ընկած է հայ գենի հիմքում, որի արդյունքում աշխարհի ողջ մակերեսով սփռված հայերի ստեղծագործությունների մեջ նկատելի է դառնում ընդհանրական մի ձեռագիր ու ելևէջ, որի արդյունքում է, որ ճանաչելի են դառնում հայկական երանգները:
Հենց այս հայկականության կոմպոնենտի ներկայացումն է ընկած «Երաժշտության հայկական էլեմենտները» գաղափարի հիմքում: Իր չորս հիմնական տարերքների յուրօրինակության միջոցով է, որ Հայաստանը դառնում է ոգեշնչման երկիր ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող և Հայաստանի հետ առնչություն ունեցող օտարազգի շատ արվեստագետների համար:
Նման տեսանկյունից Հայաստանի ներկայացումը MIDEM փառատոնին նպատակ ունի ոչ միայն ներկայացնել ոգեշնչման արդյունքում ծնված ստեղծագործությունները, այլև միջազգային հանրության ուշադրությունը գրավել դեպի Հայաստան` որպես պահպանված յուրօրինակ մշակութային արժեքների երկիր, ուր այցելելով կարելի է առնչվել հարուստ մշակույթին ու ժառանգությանը, ինչպես նաև ոգեշնչվել, ստանալ նոր ստեղծագործական լիցքեր:
Փառատոնին հայ մշակույթը ներկայացվելու է իր ողջ բազմազանությամբ. երաժշտությունից բացի կներկայացվեն նաև հայկական կերպարվեստը, խոհանոցն ու նորաձևության ժամանակակից զարգացումները:
Բացօթյա միջոցառումների շարքում ելույթներով հանդես կգան նաև պարային համույթներ` «Բերդ» և «Յարխուշտա» պարային կատարումներով, կհնչեն հայկական դուդուկը, զուռնան, դհոլը, թառը: Հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երաժշտական խմբերի, անհատ կատարողների, կոմպոզիտորների ստեղծագործությունների սկավառակները և ոլորտին վերաբերող տպագիր նյութեր:
Մեծ աշխատանք է տարվում նաև Կաննում Հայաստանի վիզուալ ներկայացման ուղղությամբ. միջոցառման օրերին քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակները կազդարարեն հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված կլինի բացառապես Հայաստանին: Լուսային պրոեկցիաներով Կաննի ամենահայտնի «Կարլթոն» հյուրանոցի շենքի ճակատին կցուցադրվի հայկական պատմությունն ու մշակույթը ներկայացնող ֆիլմ:
MIDEM երաժշտական փառատոնին՝ Հայաստանի մասնակցությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Reed MIDEM ընկերության միջոցառումների կազմակերպման գծով տնօրեն Ժերոմ Դելհայը, Reed MIDEM ընկերության կոմերցիոն տնօրեն Ան Մանուել Հեբերտը, Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը, «Տաշիր գրուպ» ընկերության կորպորատիվ հեռահաղորդակցությունների և մարքեթինգի բաժնի ղեկավար Զառա Աճեմյանը, «ՊրոԱրտ» ընկերության փոխտնօրեն Միքայել Տոնիկյանը: