«Մեր մարզիկներից ոչ մեկը չի վախենում մեկնել Բաքու»
Հայաստանի ձյուդոյի եւ սամբոյի ֆեդերացիաները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքվի Խաղերին հայ մարզիկների մասնակցությունը պարտադիր է, եւ իրենց նպատակն է պատվով հանդես գալ ու հաղթանակով վերադառնալ այնտեղից:
«Մենք մարտական ոգի ունենք, մեր մարզիկներից ոչ մեկը չի վախենում մեկնել Բաքու: Բոլոր բարձրակարգ մարզիկներն ամեն ինչի պետք է պատրաստ լինեն, կապված, թե որտեղ են կայանալու խաղերը: Այսօրվա դրությամբ 25-30 մեդալ ենք բերում հայրենիք, մեր սամբոն բավականին նորմալ վիճակում է, և միջազգային ասպարեզում ունենք մեր տեղը: Թե ի՞նչ կտա Բաքվում կայանալիք խաղերը, կյանքը ցույց կտա: Սամբոյի ֆեդերացիան նախապատրաստվում է եւ պետք է մասնակցենք ուժեղագույն մարզիկներով: Սրանով ամեն ինչ ասված է»,- ասել է նա:
Ասուլիսին ներկա Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն էլ նշել է, որ Բաքվի Խաղերին պետք է մասնակցել եւ չվախենալ անարդար մրցավարությունից:Նա նշել է նաեւ, որ թիմի կազմը ավելի ուշ կհայտարարվի:
«Այժմ Չեխիայում ձյուդոիստները ուսումնամարզական հավաքի են մասնակցում, որից հետո կմասնակցեն Թբիլիսում կայանալիք «Գրան պրի» մրցաշարին: Դրանից հետո նոր կորոշվի թիմի կազմը: Մեր նպատակն է մասնակցել ուժեղագույն թիմերով, որպեսզի կարողանանք պայքարել մեդալի համար»,- ասել է նա:
Խոսելով հնարավոր անարդար մրցավարությունից` Դավիթ Խիթարյանն ասել է, որ բոլոր մրցաշարերում էլ լինում են անարդարություններ:
«Թող այնքան ուժեղ լինենք, որ արդարությունը պարտադրենք, այլ ոչ թե մուրանք: Բոլոր մարզիչներն, անկախ նրանից, թե որտեղ են իրականցվել մարզական խաղերը, ամեն անգամ գալիս ու ասում են, որ անարդար էր: Լինելու է անարդար մրցավարություն, փորձելու են ամեն ինչ անել եւ ոչ ոք չի ժխտում այդ փաստը: Ամենուր էլ կա անարդարություն եւ Բաքուն բացառություն չի լինելու: Արդարությունը ոչ թե պետք է մուրալ, այլ պարտադրել»,-ասել է նա: