23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սա ահաբեկչություն է, ուրիշ ոչինչ. ԼՂՀ նախագահի խոսնակ

Այսօր ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն հակառակորդի գնդակից կրկին հայ զինվոր է զոհվել: Ադրբեջանական կողմը, փաստորեն, շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունն, այն դեպքում, երբ ՄԽ շրջանականերում այսօր կայացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:

“Սա ահաբեկչություն է, ուրիշ ոչինչ: Փաստորեն, Ադրբեջանն ահաբեկում է եւ միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում լուրջ խոչընդոտ է ստեղծում խաղաղության պահպանման: Այդ ամենն Ադրբեջանն անում է որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ: Սա անհանգստացնող է եւ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում առաջին հերթին միջազգային իրավունքի եւ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպության` ՄԱԿ-ի եւ նրա անվտանգության խորհրդի հանդեպ”,-անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը,  Henaran.am-ին ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, վերջին շրջանում Ադրբեջանն ավելի սանձարձակ է դառնում: Ի ՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեն հայկական կողմերը:

-Տարբեր եղանակներ կան: Ամենից նպատակահարմարն այն է, որ միշտ պետք է տրվի համարժեք պատասխան, որովհետեւ Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարի ռեժիմը, այլեւ փորձում է այնպես անել, որպեսզի հայկական կողմերը գնան պրովոկացիաների : Իհարկե, մենք դրան չենք գնա, բայց համարժեք պատասխանը կտանք: Բացի այս, իհարկե, անհրաժեշտ է աշխատել նաեւ միջազգային հանրության եւ միջնորդների հետ, որպեսզի նրանք փորձեն կարգի հրավիրել այդ պետությանը:

-Պարոն Բաբայան, ինչպես եւս մեկ անգամ փաստեցին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին դիվերսիոն գործողություններին տրված միջազգային հանրության գնահատականները, միջազգային հանրությունը հերթական անգամ չի տարանջատում ագրեսոր կողմին եւ խաղաղության կոչ է անում կողմերին:

-Դժբախտաբար, միջազգային հանրությունը նույնպես պատանդ է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը: Միջազգային  հանրությունը, ցավոք, այս պահին չի կարող բաց տեքստով ասել, որ Ադրբեջանն ագրեսոր է տարբեր հարցերի պատճառով` եւ շահերը ,եւ նավթը, բացի այս, նաեւ բանակցային խաղաղ գործընթացը պահպանելու համար չեն կարող նման հայտարարություններ անել, ուստի պետք է կոչ անել, բայց սա պաշտոնական առումով, իսկ ավելի փակ խողովակներով, իհարկե, համապատասխան  հայտարարություններ եւ կարծիքներ հնչեցվում են: Այն, որ բոլորը հայտարարում են, որ կողմանկից են խաղաղ կարգավորման, սա նաեւ ապտակ է Ադրբեջանին, որը վարում է նման ապակառուցողական քաղաքականություն:

-Ինչպե ՞ս եք գնահատում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Տարբեր փորձագետներ, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը համադրելով տարածաշրջանային խնդիրների հետ, չեն բացառում տարածաշրջան խաղաղարար ուժերի մուտքի հավանականությունը:

-Պատերազմի հավանականություն միշտ կա, ուղղակի պետք է նկատի ունենալ, որ պատերազմի վերսկսման համար պետք են մի շարք նախապայմաններ: Նախ եւ առաջ, Ադրբեջանը պետք է զգա, որ կարող է առաջին հերթին ռազմական տեսանկյունից հաղթել Արցախին եւ Հայաստանին: Երկրորդ, որ նա կարող է նույնիսկ արհամարհել միջազգային հանրության` խնդրի լուծման խաղաղ կարգավորման տեսանկյունը եւ պատերազմ սկսել: Այս երկու նախապայմանն այս պահի դրությամբ չկա: Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել եւ հաղթել ՀՀ եւ ԼՂՀ միացյալ զինված ուժերին եւ երկրորդ, միջնորդ պետությունները դեմ են նման սցենարի: Դա շատ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ եւ որեւէ մեկը չի ցանկանում Ադրբեջանի նման պահվածքի համար ինքը եւս պատասխանատվություն կրել: Հետեւաբար, պատերազմի հավանականությունը քիչ է, բայց չի բացառվում: Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա նրանց տեղակայմանը, որպես գաղափարի, մենք դեմ չենք, բայց բայց պետք է հաշվի առնել պայման` խաղաղապահները կարող են տեղակայվել միայն այն դեպքում, եթե կողմերի միջեւ ստորագրվել  եւ իրականացվել են խաղաղության պայմանագրի բոլոր կետերը, այսինքն, Ադրբեջանը ճանաչել է Արցախի անկախությունը, ճշտվել են սահմանները եւ բոլոր հարցերը կարգավորված են` լինեն քաղաքական, հումանիտար, թե այլ: Հակառակ դեպքում կարելի է մտածել, որ գուցե խաղաղապահները գան եւ ջրբաժան կանգնեն կողմերի միջեւ, բայց տրամաբանությունն է անհասկանալի, եթե կողմերը կարողանում են 20 տարի պահպանել հրադադարի ռեժիմը, ինչո ՞ւ պետք է  խաղաղապահները գան: Այսինքն, սա քննարկելու հարց է եւ քանի որ կնքված եւ իրականացված չեն պայմանագրի բոլոր կետերը, խաղաղաապահների գալը, կարծում եմ,  նպատակահարմար չէ առաջին հերթին այն պետությունների համար, որոնք պետք է ուղարկեն խաղաղապահներ, որովհետեւ կարող է հավանական պատերազմ վերսկսվի, եւ այդ ուժերը կամա թե ակամա դառնան հակամարտող կողմ: Իսկ դա որեւէ մեկին պետք չէ:

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ