Այս գերբը գազանանոցի համար է` 7-8 հատ գազան կա մեջը. քանդակագործ
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը արդեն 20 տարի պայքարում է, որ փոխվի ազգային գերբը: Այսօր այդ մասին նա խոսեց «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:
«Լավը չի գերբը, դա արվել է 1920 թվականին մեկ օրվա ընթացքում, Թամանյանի ու Կոջոյանի մասնակցությամբ: Դաշնակցականները հավանաբար իրենց ազդեցությունն են ունեցել այս գերբի վրա: Ես կողմ եմ փոխելուն, քանի որ այս գերբին նայելով ես չեմ զգում այն ազգի ոգին, որոնք սայլերով քարեր են կրել և տաճարներ են կառուցել, որոնք մինչ այսօր կանգուն են»,-ասաց քանդակագործը:
Առաքելյանը նշում է, որ գերբը ստեղծվել է ժամանակավոր և այն պետք է փոխվեր 1 տարվա ընթացքում:
«Իմ համար այնպիսի տպավորություն է, որ այս գերբը գազանանոցի համար է` 7-8 հատ գազան կա մեջը»,-նշեց Ֆերդինանդ Առաքելյանը:
Քանդակագործի դիտարկմամբ հարկավոր է պարզապես վերափոխել սովետական ժամանակաշրջանի զինանշանը. «Իմ ամենասիրած գերբը դա սովետական գերբն է, որը կարող է ինչ որ ձևով փոխվել և դառնալ շատ ճիշտ գերբ»,-հավելեց Առաքելյանը:
Եռագույն դրոշը սակայն դուր է գալիս քանդակագործին, իսկ պետական խորհրդանիշներից օրհներգը փոխելու կարիքը տեսնում է. «Հիմնը խեղճ է, իջնում է ներքև, վեհություն չունի…»: