«Ժամանակն է գործելու, այլ ոչ թե լռելու և անտարբեր լինելու». Վահագն Խաչատուրյան
ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում համերաշխություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա ընդգծել է, որ ՀՀ մի շարք գործընկերներ հստակ և նպատակաուղղված ուղերձներ են հղել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։
Խորհուրդը ցուցաբերեց իր համերաշխությունը՝ անվերապահորեն դատապարտելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուժի աղաղակող կիրառումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ակնհայտ է, որ անպատժելիությունը հող է ստեղծում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իր քաղաքականության բացահայտ իրականացման համար և նոր մարտահրավերներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար: Ժամանակն է գործելու, այլ ոչ թե լռելու և անտարբեր լինելու»,– նշել է Խաչատուրյանը:
Նա շեշտել է, որ միջազգային առաքելությունն ու համարժեք քայլերը պետք է չհետաձգվեն` Լեռնային Ղարաբաղում զանգվածային վայրագությունների շարունակումը կանխելու համար:
«Միայն խաղաղությունն ու կայունությունն են ընկած մեր երկրի ու տարածաշրջանի ապագայի մեր տեսլականի հիմքում»,– գրել է նա: