«Մեծ մարդ էր, միշտ փորձել եմ նմանվել նրան». դերասանուհին՝ Արմեն Մազմանյանից
Այսօր Արմեն Մազմանյանի ծննդյան օրն է: Նրա ուսանողուհի, դերասանուհի Աննա Հարությունյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է կատարել.
«Լռիր և խոսիր այն ժամանակ, երբ խոսքդ լռությունից իմաստուն կլինի». ահա նրա անգին պատգամներից մեկը, որը, թերևս, առաջին անգամ կխախտեմ իր իսկ մասին խոսելու նպատակով: Նրա մասին ետին թվով խոսելն իսկ սոսկալի է, բայց գոնե նման կերպով կկարողանամ ընթերցողին ներկայացնել իմ անեղծ հիշողությունները բարձրագույն ՄԱՐԴՈւ, իրական ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ՝ ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ:
Ամեն անգամ, կլիներ փորձ, թե ներկայացում, տոն էր մեզ համար նրա գալը թատրոն: Եթե ներկայացում պիտի խաղայինք, ապա մոռանում էինք ողջ հանդիսատեսին և խաղում միայն նրա համար… Իսկ ներկայացումից հետո նա երբեք անտարբեր չէր անցնում ոչ ոքիս կողքով… Միշտ շոյող մի բառ էր ասում, ապա բոլորիս հավաքում ու խորհուրդներ տալիս՝ կերպարի և ողջ ներկայացման հետ կապված: Եվ եթե նույնիսկ դժգոհություն էր ունենում, ապա դրան էնպես նուրբ ու հումորով էր մոտենում, որ ոչ ոք չէր էլ նեղսրտում:
Շատ էր հարգում դերասանին, ինչ տարիքի էլ լիներ, և, առհասարակ, իր սաներին կրթելիս կարևորում էր մարդուն, ապա հետո միայն մասնագետին: Հաճախ էր նշում. «Յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է դիմացինի ազատությունը»: Մեծ տեղ էր տալիս դերասանի էթիկային, դրա մասին երկար էր բացատրում: Ասում էր. «Վարժեցրեք ձեր երևակայությունն ամեն վայրկյան, որտեղ էլ լինեք»: Սեր էր արթնացնում դեպի գիրը, գրականությունը, արվեստը և իր բառերով ասած՝ դեպի ՁԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆԸ: Անընդհատ կրկնում էր՝ կրթվեք, կատարելագործվեք, ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ…
Վերջերս Սամսոն Ստեփանյանի կողմից բեմադրված Աղասի Այվազյանի «Դեկորներ» ներկայացման պրեմիերային ներկա չէր, ինստիտուտի հարցերով երկրից բացակայում էր: Այս ներկայացման մեջ ներգրավված էին 4 տղաներ և ես: Երկրորդ ներկայացմանը եկավ… Ոգևորված մեր ՄՈՒՍԱՅԻ գալուստով` խաղացինք ներկայացումը: Ավարտից հետո կուլիսներում սրտատրոփ սպասում էի: Մոտեցավ ու ասաց ժպտալով. «Ապրես, բալես, սրանց հախից լավ եկար»… Նկատի ուներ 4 տղամարդկանց:
Մեծ մարդ էր, միշտ փորձել եմ նմանվել նրան, հասնել նրա ինտելեկտի գոնե մի սանդղակին: Վերջին ամիսների ընթացքում, չնայած առողջական խնդիրներին, մի անգամ նրան անտրամադիր չտեսա: Չէր սիրում ծանրաբեռնել դիմացինին իր խնդիրներով: Միշտ դրական էր տրամադրված կյանքի հանդեպ, չափազանց լավատես էր:
Հիշում եմ, առաջին կուրսում հարցրեց, թե ո՞վ է կարդացել «Պատերազմ և խաղաղություն» վեպն ու նայեց աչքերիս. մինչ ինստիտուտ ընդունվելս բավական պաշար ունեի և արդեն պլանավորել էի ձեռքս վերցնել Տոլստոյին… Պատասխանեցի, որ չեմ կարդացել ու մինչ դասի ավարտն արցունքներս զսպեցի, ապա դասից հետո հասա տուն և մեկ ու կես օրում վերջացրեցի 4 հատորները: Հետո, մանկական էգոիզմից ելնելով, ուզում էի ասել, որ կարդացել եմ, բայց էդպես էլ լռեցի: Հիմա էս ամենը ծիծաղելի է թվում, բայց նրա հետ կապված թեկուզ աննշան դեպք թանկ հիշողություն է դարձել:
Շատ գործեր ուներ անելու, անհավատալի ստեղծագործական, ռեժիսորական մտահղացումներ, որոնք, ավաղ, անկատար մնացին: Իր արվեստում մաքսիմալ անկեղծ էր և ուզում էր, որ մենք էլ այդպիսին լինեք: Հաճախ էր կրկնում Լոպե Դե Վեգայի խոսքերը. «ԱՐՎԵՍՏԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՐԳևԵԼ ԹևԵՐ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ՍՄԲԱԿՆԵՐ»: Ասում էր, որ ամեն ժողովուրդ իր արվեստով է կայուն և ուժեղ, ուստի պահպանենք մերը, ամրանանք, կատարելագործվենք: Ազգանվեր մարդ էր և հայրենիքի հանդեպ իր սերը մեզ էր փոխանցում:
ՏՈՆ ԷՐ ԱՐՄԵՆ ԱՂԱՍԻՉԸ, ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ ԿՄՆԱ: ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ՎԱՌ Ու ԼՈՒՍԱՎՈՐ ՊԱՀԻ, ՈՒՍՈՒՑԻՉ, ՈՐ ՄԵԶ ՄԱՐԴ ԴԱՐՁՐԻՐ ՈՒ ՀԵՌԱՑԱՐ…