Հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք՝ ոչ դիտավորյալ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14ԳՇ կարգադրությունը «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների ու դրանց կանխարգելման մասին» վերնագրով։
«Հստակ հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, բայց 7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրաս ու այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին», – նշեց վարչապետը։
Նա ասաց, թե այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած դեպքը։
Բայց ինչ ենք պարզում, պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարրան լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք՝ ոչ դիտավորյալ։ Հույս ունեմ՝ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները», – նշեց Նիկոլ Փաշինյանը