24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանին զենք չեն մատակարարում. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, ու Ադրբեջանը սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերով, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով. փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմակատարարվի, մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սա ցավալի իրողություն է, ու մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը, բայց, ամեն դեպքում, ուզում եմ ընդգծել, որ մենք պետք է արձանագրենք ու հասկանանք ևս մեկ բան՝ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ուզում եմ ընդգծել, որ, ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում։ Փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են Հայաստանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում», – ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե միջազգային բոլոր գործընկերների հետ շատ ակտիվ աշխատում են։

«Մենք ականջալուր ենք, ընդունում ենք ու համաձայն ենք բոլոր այն կոչերին ու ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով, բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների ու այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության», – նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ ողջ Հայաստանը լարվածության մեջ սպասում է լուրերի ու ամեն մի լուր բոլորին շեղում է իրենց կյանքի բնականոն ցիկլից։

«Սա հասկանալի է, այլ կերպ լինել չի էլ կարող։ Այո, դառնությամբ ու կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև մեր պաշտպանունակության համար տնտեսության, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է ու անկյունաքարային նշանակություն ունի», – նշեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ