«Այդ հույսն ամբողջովին ի չիք է դարձել, չկա այդպիսի հույս այլևս»․ Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին
Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, դա մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», – ասել է նա:
Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը՝ ստորև
«Ազատություն». – Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ:
Արմեն Գրիգորյան. – Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված ` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել:
«Ազատություն». – Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր:
Արմեն Գրիգորյան. – Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս։ Միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:
«Ազատություն». – Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր:
Արմեն Գրիգորյան. – Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:
«Ազատություն». – Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ո՞չ
Արմեն Գրիգորյան. – Ի՞նչ առումով՝ ոչ:
«Ազատություն». – Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ:
Արմեն Գրիգորյան. – Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում