Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով է անցել ու քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը. Նիկոլ Փաշինյան
«Ժողովրդավարության հայկական ֆորում» վերնագրով միջոցառում անցկացնելու ճիշտ վայրը Հայաստանն է, այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է», – ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է ու հենց քաղաքացին է Հայաստանի ժողովրդավարության առանցքային երաշխավորը։
«Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի՝ ինքը որոշում կայացնող հիմնական ու առանցքային սուբյեկտն է», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե Հայաստանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով է անցել ու ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը։
«Ես կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստնում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն ու անկյունաքարը», – հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Նշենք նաև, որ միջոցառմանը զուգահեռ, դրսում «Դիմադրություն» շարժումն ակցիա է իրականացնում։ Ընդդիմադիրները Փաշինյանին «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով «ուղեկցեցին» հյուրանոց, որտեղ տեղի է ունենում միջոցառումը, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ արեցին հեռանալ Հայաստանից։