Դավիթ Հարությունյանը` սահմանադրական բարեփոխումների մասին․ Ես ոչ մի ողջամիտ քայլ չեմ տեսնում
Lragir.am-ի հարցերին պատասխանել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը
Չեմ կարող ասել, թե սա ինչ գործընթաց է։ Ցանկացած գործ անելուց առաջ սովորաբար ասում են, թե ինչ ախտորոշում ունեն, հետո նոր սկսում են գործել։ Տվյալ դեպքում ես ոչ մի ողջամիտ քայլ չեմ տեսնում։
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի բացատրությունն այն է, որ ուզում են աուդիտի ենթարկել գործող Սահամանադրությունը ու տեսնել՝ լավարկման տեղեր կա՞ն։
Սահմանադրական բարեփոխումներն սկսվում են ոչ թե աուդիտից, այլ այն ժամանակ, երբ աուդիտ կա և կա անհրաժեշտություն՝ փոփոխություն կատարելու։ Դրանից հետո նոր կատարում են փոփոխություն։
Ըստ ձեզ՝ գործող Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու կարիք կա՞։
Իմ կարծիքով՝ չկա։ Ցանկացած փաստաթուղթ կարելի է հավերժ փոփոխել և բարելավել։ Բայց ես այս պահին որևէ հիմնավորում չեմ տեսնում, որ պետք է գործող Սահմանադրությունը փոխվի։ Այս փուլում ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում։
Մյուս կողմից կան տեսակետներ, որ գործող Սահմանադրությունը դեմ է ժողովրդավարությանը, երկրում միակուսակցական համակարգ է։
Ես չեմ կիսում այդ կարծիքները։
Ինչո՞ւ է իշխանությունը նախաձեռնել այս գործընթացը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում։
Դժվար է ասել։ Հավանաբար իրենց իշխանության պահպանման խնդիրն են ուզում լուծել ինչ-որ ձևով։
lragir.am