ԵՄ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու սահմանների սահմանազատման գործընթացին. ԵՄ հանձնակատար
Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի 4-ին այցելել են Ադրբեջան՝ մասնակցելու է «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի 8-րդ նիստին, գրում է 1lurer.am-ը։
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Վարհելին նշել է, որ քննարկումներն ընթացել են երեք հիմնական ուղղություններով:
«ԵՄ-ն հաստատում է հանձնառությունը Ադրբեջանի հետ ամուր ռազմավարական էներգետիկ գործընկերությանը»,- նշել է հանձնակատարը՝ ընդգծելով Եվրոպայում էներգետիկ ռեսուրսների պակասը և հուսալի գործընկերներ գտնելու անհրաժեշտությունը, որոնցից մեկը, ըստ նրա՝ Ադրբեջանն է:
Վարհելիի խոսքով՝ «Հարավային գազային միջանցքը» կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։ Հանձնակատարը հույս է հայտնել, որ Ադրբեջանից էներգակիրների մատակարարումները կավելանան ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի Արևմտյան Բալկաններ։
Երկրորդ կարևոր հարցը եղել է Ադրբեջանի տնտեսության մեջ եվրոպական ներդրումները: Վարհելիի խոսքով՝ դրանք ուղղված կլինեն տնտեսության բազմազանեցմանը, կայուն աճին, կանաչ տնտեսությանը, ինչպես նաև տարածաշրջանի ներսում կապերի զարգացմանը: Նշվում է, որ ծրագրի շրջանակում առաջին նախագիծն արդեն իրականացվել է: Այն ենթադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 12 միլիոն եվրոյի վարկ և ուղղված է գյուղատնտեսական ձեռնարկատիրության զարգացմանը: Հաջորդ ներդրումները նախատեսվում են ջրի մաքրման և թափոնների հեռացման, կանաչ էներգետիկայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների, կապի ոլորտներում, փոքր և միջին բիզնեսի աջակցությանը, հետազոտությունների իրականացմանը:
«Քննարկումների արդյունքում մենք հանգեցինք այն եզրակացության, որ Եվրոպան կարող է միջազգային ֆինանսական գործընկերների, Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ-ի հետ առնվազն 2 մլրդ եվրո ներդրում կատարել Ադրբեջանում»,- հայտնել է Վարհելին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում