22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից. Փաստաբանների պալատի հայտարարությունը

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Մարինե Ֆարմանյանի, Լիլիթ Ղազանչյանի և Մանե Կարապետյանի,

02․02․2022 թվականին հրատապ նիստ է անցկացրել և քննարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ հարցը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել Է հետևյալը.

  • Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է:
  • Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:
  • Դատարանը օրենքով լիազորված է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումներ կայացնել:
  • Խափանման միջոց ընտրված կալանքի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

Խորհուրդը ընդգծել է նաև, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման լիազորությունն օրենքով վերապահված է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, ուստի հիշյալ դատական ակտն ակնհայտ ապօրինի լինելու մասին բոլոր դատողությունները սուբյեկտիվ են, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազությունն այն չի բողոքարկել։

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ խիստ մտահոգիչ են դատախազության կողմից չբողոքարկված ակտի ոչ օրինական լինելու հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու, նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որոնք կարելի է դիտարկել ոչ միայն որպես ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում:

Վերոգրյալով պայմանավորված պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել

– պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից,

– դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

– ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով ապահովել դատարանների և դատավորների անկախությունը», –  ասված է ՓՊ հայտարարությունում:

Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:

Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են. նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ