Նոր նախագիծ. լուծարված կուսակցությունների գույքը կփոխանցվի կառավարությանը. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթով: Փաթեթը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է փետրվարի 4-ին: Այժմ գործող կարգավորումներով պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձեւավորվում է բացառապես դրամական միջոցներից:
Միաժամանակ այլ գույքը չի կարող ամրակցվել որեւէ մարմնի, քանի որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ ձեւակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե: Հիմնավորման համաձայն՝ խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հետ կապված, եւ առաջանում է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի անհրաժեշտությունը։