«ԲԴԽ-ն արժեզրկել է իր սահմանադրական առաքելությունը». դատավոր Բախշիյանի փաստաբանը հայտարարություն է տարածել
Փաստաբան Արսեն Սարդարյանն ահազանգում է դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացված առերևույթ ոտնձգության մասին:
«Այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար: Այն պայմաններում, երբ դատավորի կայացրած որոշումը դատախազության կողմից նույնիսկ չի բողաքարկվել վերաքննիչ դատարան, զուտ վերացական դատողությունների հիման վրա, առանց որևէ փաատական տվյալի, մոտ երկու ամիս անց, հանկարծակի դատախազությունը որոշում է այն գնահատել որպես ակնհայտ ապօրինի կալանավորում, իսկ այն, որ անձը 14 օր եղել է կալանքի տակ՝ որպես ծանր հետևանք», – հայտնել է փաստաբանը։
Նա նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկել է իր սահմանադրական առաքելությունը և ցույց տվել, որ ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը։
«ԲԴԽ-ն ձևավորեց դատավորի օրինական գործունեությանը միջամտելու արատավոր պրակտիկա: Այս երույթը հղի է դատական իշխանությունում վախի և հնազանդության մթնոլորտ ստեղծելու վտանգով:
Դատավոր Բախշիյանը գրագետ, պարկեշտ և եզակի բարեխղճության տեր դատավոր է», – հավելել է Սարդարյանը, որը ստանձնել է Բախշիյանի շահերի պաշտպանությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:
Նշենք, որ Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։