Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ
Գերությունից վերադարձած զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը չպետք է դառնան քաղաքական քննարկման առարկա, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ըստ պաշտպանի` կալանավորումները համոզիչ չեն, դրանց իրավաչափությունը կասկածներ է հարուցում։ Այս մասով պաշտպանն արդեն իսկ հարցադրումներ է ուղարկել գործը քննող իրավապահ մարմիններին` բացատրություն պահանջելով։
Թաթոյանը հավելել է, որ քրեական գործ հարուցելը կարևոր է, կան դեպքեր, երբ նույնիսկ անհրաժեշտ է, բայց խնդրահարույց է կալանավորելը։ Մանավանդ, որ կալանավորումներին նախորդել են օրենսդիր ու գործադիր մարմինների պաշտոնյաների հայտարարությունները, որոնք վատ վիճակի մեջ են դրել քրեական հետապնդման մարմիններին ու դատարաններին։
Պաշտպանը նաև ընդգծել է, որ հայ գերիներին վերադարձնելը ադրբեջանական իշխանությունների բարի կամքի դրսևորումը չէ, այլ միջազգային պահանջ, որը չի կատարվում։