22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարտահրավերները չեզոքացված չեն. ԱԱԾ-ն պետք է կրկնապատկի իր զգոնությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

«Շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով և ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի ու ծառայության համար:

Պիտի ընդգծեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես մենք ականատես եղանք Ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատանքի արդյունավետության շոշափելի և տեսանելի բարելավման, և այն, որ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց, ըստ էության, քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու:

Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի Հանրապետության ներսում ոչ մի կրակոց չի հնչել, և, ըստ էության, քաղաքացիական բախումներ տեղի չեն ունեցել, ինչը, մի կողմից, աննախադեպ է նման իրավիճակներ տեսած երկրների պատմության համար, և մյուս կողմից՝ արձանագրում է, ընդգծում է մեր մի շարք պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը:

Այս առումով պիտի ընդգծեմ, որ թերևս այս վերջին մեկ տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը, մեր մի շարք այլ կառույցների հետ, մեր պետականության, ինքնիշխանության և անկախության պահպանման և պաշտպանության շատ էական և կարևոր գործառույթ է իրականացրել, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այդ գործառույթն արդյունավետ կերպով իրականացնելու համար: Բայց մենք նաև պիտի ընդգծենք, որ մեր առաջ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն, և այս ընթացքում մեր ձեռք բերած փորձը պիտի օգտագործենք պետականության, ինքնիշխանության, անկախության, մեր Սահմանադրության և օրենսդրության, մեր տարածքային ամբողջականության պահպանման գործում առավել արդյունավետ լինելու համար:

Մյուս կողմից՝ պիտի նաև հետևյալն ընդգծել. 2020 թվականը, ի վերջո, մեծ հաշվով ինչի՞ մասին էր, և ի՞նչ ցույց տվեց: Ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր: Հայերենում այսպիսի ասացվածք կա՝ «Դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից՝ մեր»: Շատ դեպքերում, այո, հաջողվում է երկար տարիներ ծառայության բովանդակությամբ պետական մարմինների համար ստեղծել որոշակի իմիջ, բայց երբեմն գործնական առումով տեսնում ենք, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն: Սա մեր ընթացիկ ամենամեծ խնդիրն է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ, ի վերջո, մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխանեն այն միջավայրին, որում նրանք այսօր գործում են: 21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են և ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է՝ չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները:

Իհարկե, զուգահեռ նաև պիտի արձանագրենք հետևյալը՝ աշխատավարձերի այն մակարդակը, որ մենք այսօր ունենք մեր երկրի պետականության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար պատասխանատու մարմիններում, այդ աշխատավարձերի, վճարումների, դրամական բավարարումների մակարդակը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առաջ մեր պետական մարմինները եղել են, կան և պիտի շարունակեն լինել:

Ես չեմ ասում, որ մենք հիմա մեկ գործողությամբ այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք, բայց պետք է արձանագրենք այս ամենը, որպեսզի ճիշտ դիրքավորվենք և ճիշտ կարողանանք կազմակերպել մեր աշխատանքը: Մանավանդ հիմա, երբ, ըստ էության, տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու: Որովհետև, նախ, քաղաքական հայտարարությունները դեռևս ինքնին չեն նշանակում, որ կհաջողվի դա իրականացնել, և երկրորդը, եթե մենք այս ուղղությամբ հաջողությամբ առաջ շարժվենք, մարտահրավերների կառավարումը լինելու է շատ ավելի բարդ և շատ ավելի դժվարին:

 

Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո ես տեսնում եմ հնարավորություն, որ մենք կարող ենք քայլ-քայլ առաջ շարժվել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով: Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամենն անելու է՝ այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Բայց առավելևս այս պայմաններում և միջավայրում Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կրկնապատկի իր զգոնությունը, մեծացնի իր գործունեության արդյունավետությունը, հենց բուն՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայության մարմինները, որովհետև այս նոր միջավայրի ձևավորումը շատ պատասխանատու և էական խնդիր է, որը միասին, իհարկե, պիտի փորձենք իրագործել», – հայտարարել է ՀՀ վարչապետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ