18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի անգամ… Աշոտ Ղազարյանն ԱՄՆ-ում /վիդեո/

Արդեն հեռավոր թվացող 90-ականներ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել` մութ և ցուրտ  տարիներ և մարդիկ, ովքեր ստիպում էին ժպտալ, երբ թվում էր, թե դա անելն ուղղակի անհնարին է: Իրավամբ Աշոտ  Ղազարյանն այդ ժպիտը և ծիծաղը պարգևող գլխավոր մեղավորներից մեկն էր: Նրան և նրա հումորը սիրում էին թե մեծերը, թե փոքրերը և հաճախ կրկնում` «Մեր Աշոտը» կամ «Աշոտը բոլորինն է»: Աշոտ Ղազարյանն այդ տարիների մասին նշում է. «Նույնիսկ երբ  էլեկտրականությունը ելույթիս ամենաթեժ պահին անջատվում էր,  շարունակում և ավարտում էին այն մոմի լույսի ներքո»:

Այսօր երբ այդ ամենն արդեն հիշողություն է, երբ թվում է, թե ոչնչի պակաս չկա և ամենազորեղ համացանցի միջոցով կարելի է դիտել լավագույն հումորային հաղորդումները և ֆիլմերը, միևնույն է, Աշոտ Ղազարյանը և նրա անսպառ ժպիտ առաջացնող հումորն ամենասպասվածն է: Միաժամանակ ՀՀ ժողովրդական արտիստի հետ հադիպումներն այնքան հաճախ չեն լինում, որքան ցանկալի կլիներ: Ավելին` Աշոտ Ղազարյանն այսօր  ավելի հաճախ ուրախացնում է  Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին:

Սիրված արտիստի հետ հերթական հանդիպումն էլ նախաձեռնել է «Global Arts International»-ը և դրա  հիմնադիր-նախագահ, բարեգործ Գարբիս Թիթիզյանը, ով անկախության տարիներից մինչ օրս Հայաստանում,  ողջ սփյուռքում կազմակերպում է տարբեր համերգներ և ներկայացումներ, ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան աստղերի մասնակցությամբ: Գարբիս Թիթիզյանը նոր զարկ տվեց հայրենիքում և սփյուռքում համերգային մշակույթի զարգացմանը: Վերջին տարիներին, երբ համերգային մշակույթը կարծես թե անկում է ապրում, «Global Arts International»-ի ծավալած  գործունեությունն այս դաշտում հատկապես կարևոր է:  Այսպիսով,  2015թվ-ի հունվարի 11-ին Լոս Անջելեսի հեղինակավոր Ալեքս թատրոնում տեղի է ունենալու Աշոտ Ղազարյանի նոր` հումորային, երաժշտական  մենահամերգը, որին հաջորդելու են հունվարի 16-ին և 17-ին Նյու Յորքում և Բոստոնում կայանալիք համերգները:

«Հետաքրքիր ծրագիր եմ կազմել. հնչելու են երգեր, պարեր և, իհարկե, իմ հումորները: Ավելի վաղ  ներկայացրել էի  «Ծիծաղի ճանապարհով» համերգային ծրագիրը, որը հիմնված էր իմ անցած ուղու և իրական պատմություների վրա…Այս նոր ծրագիրը  կոչվում է «Մի անգամ» ու բեմից կրկին պատմելու եմ իրական պատմություններ, մենախոսություններ… Համերգի ընթացքում հանդես եմ գալու լիբանանահայի, պարսկահայի և Հայաստանի հայի կերպարներով: Ընդհանուր առմամբ  ժամանցային ծրագիր է, որպեսզի մարդիկ  աշխատանքից հետո գան և դրական լիցքեր ստանան,   համերգի ավարտին էլ, կարծում եմ, որ մարդիկ կհուզվեն»:

Միաժամանակ Աշոտ Ղազարյանի խոսքով` ԱՄՆ-ում ելույթ ունենալն իր համար հեշտ է, որովհետև այնտեղ հիմնականում իր հանդիսատեսի շարքերում Հայաստանից մեկնած հայերն են, թեև փոքր մաս չեն կազմում  աշխարհի տարբեր կետերից ԱՄՆ-ում հաստատված հայերը:

Թեև  որքան էլ, որ  ԱՄՆ-ում ելույթ ունենալն Աշոտ Ղազարյանի համար բարդ չէ,բայց նա խոստավանում է, որ անկախ գտվելու վայրից  բեմ բարձրանալուց առաջ  շարունակում է վախենալ.

«Արդեն  ավելի քան 50 տարի է, ինչ բեմի վրա  եմ, բայց, միևույն է, վախենում եմ: Հիշում եմ` համերգներից մեկի ժամանակ մինչ ես հուզվում էի և աղոթում, կողքիս կանգնած երիտասարդ դերասաններից մեկը հանգիստ սպասում էր բեմ դուրս գալուն: Իսկ ես վախենում  եմ, որովհետև  50 տարիների ընթացքում (խոսքը բեմական գործունեության մասին է)  շատ բաներ եմ արել և վախենում եմ դա կորցնել,  ինչն էլ ինձ ստիպում է լինել շատ ավելի պատասխանատու և զգաստ: Ես երախտապարտ եմ ժողովրդին, որ պարզ, սովորական տղայի` Ղազարյան Աշոտին, դարձրեցին Աշոտ Ղազարյան… Պետք է աշխատեմ, որ այդպես էլ Աշոտ Ղազարյան մնամ»:

Սակայն այդ նույն պատասխանատվությունն էլ ստիպում է Աշոտ Ղազարյանին հաճախ չերևալ.

«Իմ տարիքում, երբ հասցրել եմ այսքան բան անել, շատ երևալ պետք չէ: Կարծում եմ պետք է, որ ամեն անգամ մեկ քայլ առաջ մտածես, որպեսզի որակ լինի և  ժողովուրդն էլ կարոտի քեզ` մտածելով, թե այս անգամ ինչ ես ներկայացնելու»:

Ի ուրախություն մեր ամերիկահայ հայրենակիցների` նրանք, թերևս, Աշոտ Ղազարյանին այդքան  կարոտելու առիթ  այլևս չեն ունենա, որովհետև, ինչպես արդեն նշեցինք,  նոր` 2015թվ-ի մեկնարկից անմիջապես հետո` հունվարի 11-ին,  վայելելու են Աշոտ Ղազարյանի երաժշտական, հումորային  մենահարմեգը, ինչի վերաբերյալ  էլ «Global arts international»-ի  հիմնադիր-նախագահ Գարբիս Թիթիզյանն ասում է.

«Երկար տարիների իմ ընկեր Աշոտ Ղազարյանը շատ ճանաչված և սիրված է ԱՄՆ-ում: Նախորդ տարի երկու օր ելույթ  է ունեցել, բոլոր տոմսերը վաճառված էին,  սակայն այս  անգամ ավելի ծավալուն  բան ենք կազմակերպել, ավելի մեծ դահլիճում, ինչը  շարունակական է   լինելու»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ