Փրկենք Նելլիին. պրոֆեսորն ու ուսանողները խնդրում են աջակցել
22-ամյա Նելլի Դավթյանը, ով ուսանում է Երեւանի գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում, տառապում է արյան քաղցկեղով եւ ընկերների, դասախոսների, ծանոթ-անծանոթների աջակցությամբ հավաքված միջոցներով բուժվում Մոսկվայի Բուռնազյանի անվան բիոֆիզիկական կենտրոնում: Նելլիին անհապաղ աջակցություն է պետք, եւ մեծ գումարների մասին է խոսքը: Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան , պրոֆեսոր Ավետիս Ավետիսյանը եւ Նելլիի համակուրսեցիներն այսօր լրագրողներին խնդրեցին աջակցել իրենց` Նելլիին օգնելու խնդրանքը հասցնելու բոլոր նրանց, ովքեր կարող են ներդրում ունենալ երիտասարդ աղջկա փրկության գործում:
‘Բոլոր հնարավոր միջոցները, որ կօգնեն Նելլիին, մեզ համար ընդունելի են, անգամ` դրամ մուրալը. մեր ուսանողներն, ի դեպ, հենց այդպես էլ արել են` արկղերով, Նելլիի լուսանկարները փակցրած, շրջել են փողոցից փողոց, եւ հավատացեք` մարդիկ` ծանոթ-անծանոթ, արձագանքում են’,-նշեց պրոֆեսորը` հավելելով, որ երկրի նախագահն էլ է գումար հատկացրել` 1 մլն դրամ: Իրենք` դասախոս թե ուսանող, իրենց գործերի վաճառքից գոյացած միջոցներն են նվիրում Նելլիի հաշվեհամարին:
Նրա խոսքով` ‘Նարեկացի’ կենտրոնում ` տարբեր բաժինների ուսանողների մասնակցությամբ, ցուցահանդես-վաճառք է կազմակերպվել, շուտով եվս մեկը կկայանա ,,Գոլդեն փալաս’-ում, այս մեկին էլ կմասնակցի դասախոսական կազմը:
‘Ճանաչված նկարիչների գործեր են լինելու, թանկարժեք, սակայն սակարկելի, շուտով բարեգործական համերգներ էլ կլինեն, մի խոսքով` փորձում ենք անել հնարավորը’,- ասում է պրոֆեսորը:
Նելլին օգնելու համար այցելեք help.nelli.info կայք: