Այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, ուղղակի կործանարար է մեր պետության ապագայի համար․ Սարգսյան
Պատերազմական գործողություններն ավարտվել են, բայց գլոբալ մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանը կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ՝ առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ դիվանագիտական մեծ ջանքեր են պահանջվում Հայաստանից, սակայն այդ ներուժը չկա։
«Վերջին տարիներին հետևողականորեն կազմաքանդվեց սկզբում բանակը, հիմա արդեն, երբ բանակցությունների փուլն է գալիս, հետևողականորեն կազմաքանդվում է նաև Արտաքին գործերի նախարարությունը, այսինքն՝ այն մարմինը, որը դիվանագիտական աշխատանքի համար է պատասխանատու», – ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ խորացող խնդիրներին ու մարտահրավերներին դիմակայելու ունակության բացակայությունը, նաև ներքին և արտաքին ռեսուրսներ չունենալը հիմք է տալիս եզրահանգելու, որ պետությունը ծանրագույն ժամանակահատվածում է գտնվում, ապագան չափազանց անորոշ է։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ, ուղղակի կործանարար նշանակություն է ունենալու կամ արդեն ունեցել է մեր պետության ապագայի համար», – ասաց Սուրեն Սարգսյանը։