22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինքնարդարացման մոլուցքն ու անհեթեթ օրակարգերը. «Փաստ»

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից արդեն մի քանի ամիս ժամանակ է անցել, սակայն նկատելի չէ որևէ լուրջ և կենսական նախաձեռնություն, որը «պողպատե» մանդատ ստացած իշխանությունները կարող էին ձեռնարկել՝ ելնելով երկրի զարգացման անհրաժեշտությունից։ Այս ընթացքում երկրի կառավարման ղեկը կրկին ստանձնած քաղաքական ուժը հասցրել է միայն որոշ «աչք ծակող» ձեռնարկումներով աչքի ընկնել։ Օրինակ՝ իշխանությունները ճանապարհների ասֆալտապատումը փորձում են ցույց տալ որպես մի աշխարհացունց երևույթ՝ կարծես թե նախկինում երբեք ասֆալտապատում չի եղել։ Սակայն խնդիրն այն է, որ դրա շուրջ իշխանություններն ավելի մեծ քարոզչական փուչիկ են ստեղծում, քան իրենց կատարած բուն գործն է։ Ամբողջ օրը իշխանական մեդիա հարթակներն ասֆալտապատման լուսանկարներն են պտտում համացանցում և սոցցանցերի հարթակում։

Թեպետ, իհարկե, հազիվ թե զարմանալու բան կա, քանի որ հանրությանը ցույց տալու այլ ձեռքբերում չունեն, իսկ պարտությունից հետո այլևս չեն համարձակվում համացանցը հեղեղել ու մարդկանց զբաղեցնել իրենց աննպատակ սելֆիներով ու լայվերով։ Բայց իրենց իսկ պատճառով ստեղծված բարդ իրադրության պայմաններում Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ բավարարվել որոշ ճանապարհների ասֆալտապատմամբ ու դրա նման մի շարք փոքր նախաձեռնությունների իրականացմամբ։ Դրանցով հնարավոր չէ հեռանկարային առաջընթաց ապահովել։ Պատերազմից հետո ուղղակի առաջնային է դարձել պետության ներուժի ավելացման կտրուկ աճ ապահովելու հարցը, որը մեծապես կախված է նաև տնտեսության զարգացման տեմպերից։

Առկա իրավիճակում, եթե հաշվի ենք առնում, որ համաճարակով պայմանավորված համաշխարհային տնտեսության մեջ փոխվում են մատակարարման շղթաները, և մի շարք ուղղություններում ուղղակի վակուում է առաջացել, ապա կարող ենք տեսնել, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում։ Ուղղակի աշխատանք է պետք, որպեսզի Հայաստանը նորովի տեղավորվի համաշխարհային տնտեսության՝ վերաձևման ենթարկվող շղթայում։ Բայց Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում առաջ եկած հնարավորությունների և ժամանակի կարևորությունը, քանի որ հանրությանն զբաղեցնում են անիմաստ ու ստեղծված իրավիճակում ոչ տեղին օրակարգերով։ Օրինակ՝ իշխանությունների ուշքն ու միտքը պտտվում է Ամանորի հանգստյան օրերը կրճատելու շուրջ։ Անգամ Մայր Աթոռն է դիմել Ազգային ժողովի խմբակցություններին՝ որպես ոչ աշխատանքային օրեր պահպանել հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր:

Բայց իրենց նախաձեռնությունը հիմնավորելու նպատակով իշխանություններն անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում, ասենք՝ եթե հունվարի առաջին շաբաթվա ընթացքում մարդիկ աշխատեն, դրա արդյունքում տնտեսական լուրջ աճ կգեներացվի, կամ՝ էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարում է, թե Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել են, որ մարդիկ շատ ապրանք չսպառեն, գնաճ չլինի։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Միայն մի հարց. իսկ գուցե հենց սպառման ա՞ճն է, որ նպաստում է տնտեսության աշխուժացմանը։ Մի խոսքով՝ իշխանությունները հետևողականորեն զբաղված են «թիթեռ նկարելով» ու ինքնարդարացման ճանապարհին օրը մի անհեթեթություն դուրս տալով: Ասենք՝ ինչ ասես արժե առողջապահության նախարարի խոսքը պատվաստման հետ կապված հերթերի մասով, ինչին մենք օրերս էինք անդրադարձել:

«Բոլոր երկրներում էլ մարդիկ գնում են, հերթ են կանգնում և պատվաստվում են: Հերթ կանգնելու մեջ, կարծում եմ, որևէ սարսափելի բան չկա: Կային ամիսներ, որ հերթ չկար, այսինքն, պետք էր մի փոքր ավելի շուտ դիմել պատվաստվելու և հերթերի չկանգնել»: Հասկանում եք, չէ՞, իրենց ապաշնորհության պատճառով չէ, որ այս վիճակն է, իրենց ձախողումների պատճառով չէ, որ այս վիճակն է, ուղղակի մարդիկ այն ժամանակ չէին պատվաստվում, երբ հերթ չկար: Լավ, խելացի մեկը չկա՞, որ առողջապահության իրավաբան նախարարին հուշի, որ այն ժամանակ մեծ քանակով պատվաստվելու դեպքում նույն հերթերն էին լինելու:

Իսկ գուցե դո՞ւք ողջ կառավարությունով աշխատել չգիտեք, իսկ գուցե դո՞ւք ոչինչ կազմակերպելու ունակ չեք: Մտածելու բան է, չէ՞: Թե՞ ՔՊ-ական պաշտոնյաների համար կարևորը միայն առատորեն հոսող պարգևավճարներն են ու ոչ միայն: Այսինքն, ինչպես ասում են, կյանքը՝ ուրախ, ապրուստը… պետբյուջեից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ