«Պետք է զարմանք հայտնել, որ Մայր աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 30-31 չնշել, որովհետև դա բացարձակ եկեղեցական տոն չէ». Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկին, ըստ որի՝ խորհրդարանը պետք է ոչ աշխատանքային թողնի հունվարի 5-ը և 7-ը։
«Ես Հայ Առաքեալական եկեղեցու հետևորդ եմ, զավակ եմ և փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա։ Սակայն, երբ խոսում ենք պետության և կառավարության մասին, ապա գիտեք, որ Եկեղեցին ու Պետությունն անջատ են գործում։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց պետք է զարմանք հայտնել, որ նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 30-31 չնշել, որովհետև դա բացարձակ եկեղեցական տոն չէ։ Ասենք, եթե մի կողմից՝ իրենք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող մեզ օգնեն և առաջարկեն չնշել դեկտեմբերի 31-ը և 1-ը, որը որևէ հոգևոր նշանակություն չունեցող տոն է։ Դե, մենք առողջ բանականությամբ առաջնորդվող մարդիկ ենք, հետևաբար՝ մենք աշխատանքում փորձում ենք գտնել ճիշտ բալանսը»,- նշեց Վահան Քերոբյանը:
Շարունակելով միտքը, նա նշեց, որ այն կարևոր հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում՝ ընդգրկված են։
«Ես չեմ ճանաչում մի գործատուի, որն իր աշխատակիցներին թույլ չի տվել գնան եկեղեցի, եթե նրանք դրա ցանկությունն ունեն։ Այդ հանգստյան օրերը հանելով՝ մենք նաև ստիպում ենք գործատուին՝ իրենց աշխատակիցներին հատկացնեն այն արձակուրդային օրերը, որը պետք է, որպեսզի մարդը կարողանա վերականգնվի տարվա ընթացքում։ Այս ուղղությամբ մենք մեծացնելու ենք ճնշումը, որ աշխատողների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»,- հավելեց նախարարը։
Վահան Քերոբյանը նաև ասաց, որ վերջին 11 ամիսների ընթացքում աշխատում է 11 ժամ՝ շաբաթ օրերը ներառյալ։