Ստյոպա Սաֆարյանը Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի դեմ գործով հրաժարվեց «168 Ժամ»-ի դեմ ներկայացված հայցից. Փաստաբանները փոխհատուցում են պահանջում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, մեկնարկել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի գործով նախնական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ներկայացած հայցադիմումով պահանջում էր ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցել ենթադրյալ պատճառված վնասը՝ պատասխանողներից յուրաքանչյուրից 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով Սաֆարյանի հայտարարությանը, մասնավորապես նշել էր.
«Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող:
Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու։
Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերը ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս»։
Նշված արտահայտություններն ըստ Սաֆարյանի վիրավորանք էր, ինչի համար վերջինս պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում տալ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին հայցվոր կողմի ներկայացուցիչ Դիանա Վարդանյանը հայտնեց, որ Ստյոպա Սաֆարյանը դիմում է ներկայացրել՝ «168 Ժամ»-ի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ։ Սաֆարյանը սույն հայցից հրաժարվել է՝ նկատի ունենալով, որ Իգոր Խաչատուրովն ընդունել է, որ վիճարկվող խոսքերն իրեն են պատկանում, հետևաբար, լրատվական կայքը բարեխղճորեն արտատպել է Խաչատուրովի խոսքերը։
«168 Ժամ» ՍՊԸ-ի դեմ հայցից հրաժարվելուց հետո Սաֆարյանի ներկայացուցիչ Վարդանյանը ներկայացրեց հայցի առարկան՝ պնդելով, որ նման արտահայտություններ կատարելով՝ Խաչատուրովը նպատակ է հետապնդել՝ արատավորելու Ստյոպա Սաֆարյանի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը, նվաստացնելու վերջինիս հեղինակությունը։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը դատարանին հայտնեց հայցի վերաբերյալ պատասխանը լրացնելու մասին, ինչից հետո հայցվոր կողմը ժամանակ խնդրեց՝ պատասխանի լրացված մասին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։ Բացի այդ՝ նշեցին, որ որպես «168 Ժամ»-ի փաստաբաններ, ծախսերի փոխհատուցման պահանջ ունեն։
Անահիտ Սարգսյանը միջնորդեց՝ 200,000 ՀՀ դրամ բռնագանձել հայցվորից՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում,իսկ Արամազդ Կիվիրյանը՝ 300.000 ՀՀ դրամ։
Հաջորդ դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի դեկտեմբերի 9-ին՝ ժամը՝ 16.00-ին։