Կարող էինք այնպես անել, որ պատերազմը չլիներ. Հադրութի հատվածում հնարավոր էր կանգնեցնել հակառակորդին. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը պնդում է՝ Հայաստանը կարող էր այնպես անել, որ 44-օրյա պատերազմը չլիներ։
«Որովհետև ՀՀ իշխանություններչը երկար տարիների ընթացքում ձեռք են բերել բանակցային մի մեծ ներուժ, թեկուզ, որքան էլ խոսեն այս կամ այն փաստաթղթի մասին, այս կամ այն վայրում ստորագրված կամ չստորագրավծ փաստաթղթի մասին, դրանք բոլորը բանակցելու համար են եղել, ու ՀՀ իշխանություններն արել են ամեն ինչ միջազգային նորմերին համապատասխան, գոնե, Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքի ու ուժի չկիրառման իրավունքի, մանավանդ, վերջին 2016-2017թթ. տարվա ընթացքում շփման գծում մոնիթորինգի, վստահության մեխանիզմների ձևավորման համար», – «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Օհանյանը։
Նա նշեց, թե եկավ նոր իշխանություն, որը պետք է սկսեր ամեն ինչ զրոյից, իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսում է պատերազմը։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ հայ ժողովրդին ամբողջ պատմության ընթացքում ուղեկցել է այն գաղափարը, որ վտանգի պահին հայ ժողովուրդը եղել է միասնական։
«Այս վերջին պատերազմի ընթացքում խաթարվել է այդ սկզբունքը, որովհետև այս իշխանությունը եկավ ու տարանջատեց մեր հասարակությանը», – ասաց նա։
Օհանյանի խոսքով՝ լեռնաանտառային հատվածներում՝ Հադրութի հատվածում, հնարավոր էր կանգնեցնել հակառակորդին, միայն պետք էր համապատասխան հետևություններ անել։
«Մենք, եթե կարողանայինք ժամանակին, նահանջի հետ մեկտեղ, պետության ամբողջ ներուժը, շինարարարական, ինժեներական ներուժը օգտագործեինք, եթե կարողանայինք կամք ունենալ՝ ստիպել մեր ենթականերին գոնե անհատական խրամատներ փորեին, զգալի մասով մեր զոհերի քանակն ավելի քիչ կլիներ, հաջողություններ կունենայինք», – ասաց Օհանյանը։