24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանի մոտեցումները հայկական պատմամշակութային ժառանգությանը երկակի են՝ ֆիզիկական ոչնչացում և ինքնության խեղաթյուրում». ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ բազմակողմ համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի առաջին օրվանից էլ պարզ էր, որ խնդիր է  դառնալու պատմամշակութային ժառանգության պահպանությունը։

«Հոկտեմբերի 8-ին մենք տեսանք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի հրթիռակոծումը, որն ապացուցեց մեր բոլոր մտահոգությունները, և այլևս կասկածի տեղիք չկար, որ Ադրբեջանի մտադրությունն այն է, որ պայքարում է ամեն հայկական հետքի դեմ։ Դիվանագիտական գործիքակազմի բոլոր հնարավորությունները կիրառվել ու կիրառվում են, այսինքն՝ նամակագրություն, երկկողմ հանդիպումներ։ Հայկական կողմի պահանջով անցած նոյեմբերին արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ, որպեսզի տեխնիկական առաքելություն ուղարկեր Արցախ։ Որոշ ժամանակ ադրբեջանական կողմը խիստ ապակառուցողական քաղաքականություն էր դրսևորել և որևէ կերպ չէր ցանկանում ընդունել առաքելությունը, ինչի հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն միակողմանի դատապարտեց Ադրբեջանին»,- նշեց Արման Խաչատրյանը։

Նա հիշեցրեց Ջուղայի հայկական խաչքարերի խնդիրը, թե որքան ժամանակ էին ՅՈՒՆԵՍԿՕ-ից և այլ կառույցներից պահանջում, որպեսզի այնտեղ առաքելություն ուղարկեն։

Ըստ Արման Խաչատրյանի՝ նախորդ տարվա վերջին ԱԳՆ-ում մշակել են գործողությունների ծրագիր։

«Գիտենք, որ Ադրբեջանի մոտեցումները հայկական պատմամշակութային ժառանգությանը երկակի են։ Մեկը ֆիզիկական ոչնչացումն է, երբ հուշարձանը պարզապես քանդում ու պայթացնում են, մյուսն ինքնության խեղաթյուրումն է, երբ փորձում են հայկական եկեղեցիները ներկայացնել՝ որպես աֆղանական, ինչը ոչ այլ ինչ է, քան միջանկյալ քայլ՝ հետո այն ադրբեջանականացնելու համար։ Այս համատեքստում ադրբեջանցիներն օգտագործում են ուդիների խաղաքարտը։ Ադրբեջանում այսօր կա մոտավորապես 4 հազար ուդի, որոնք Կովկասի Աղվանքի ժողովուրդներից մեկն են»,- նշեց Արման Խաչատրյանը։

Ըստ արտաքին գերատեսչության ներկայացուցչի, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և այլ կառույցներում, սեփական փորձից ելնելով, առաջ են քաշել մոնիտորինգային մեխանիզմների ուժեղացման խնդիրը։ Կոնվենցիոն համակարգերը կան, և, օրինակ, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման դեպքով առաջ են քաշել, ընթանում են քննարկումներ, և արդեն խումբ է ստեղծվել ընդլայնելու մոնիտորինգային համակարգի ստեղծումը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ