24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրությանը մոլորեցնելու և իշխանությունն ամեն գնով պահելու «նուրբ արվեստը». «Փաստ»

Գաղտնիք չէ, որ չնայած իր բազմաթիվ հավաստիացումներին, Փաշինյանը երբեք էլ թափանցիկ չի աշխատել ժողովրդի հետ։ Եվ, որպես կանոն, եթե Փաշինյանն ինչ-որ մի հարցում որևէ հայտարարություն է կատարել, ապա հաճախ արել է դրա հակառակը, նայած, թե ինչն է կոնկրետ իրեն ձեռնտու եղել, բացառապես իրեն, այլ ոչ երկրին ու ժողովրդին։ Այսպիսի մոտեցման արդյունքում է, որ մեծամասամբ տպավորություն է ստեղծվում, թե վերջինս ուղղակի միտումնավոր անորոշության մեջ է գցում հանրությանը և սխալ պատկերացումներ հրամցնում։

Ու այս իրողությունը հատկապես ցայտուն է Արցախի հարցով բանակցային գործընթացի ու պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասով։ Սկզբից Փաշինյանը հրապարակում հայտնված մարդկանց առաջ հայտարարում էր, որ եթե Արցախի հարցով որևէ ընդունելի տարբերակ լինի, ապա ինքը կգա, կկանգնի մարդկանց առաջ ու կներկայացնի այդ լուծումը, միասին կքննարկեն ու որոշում կընդունեն։ Իսկ որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարում էր, թե Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, ինքն Արցախի ժողովրդի կողմից մանդատ չի ստացել, որպեսզի բանակցի, հետևաբար բանակցային սեղանին փաստաթուղթ լինել չի կարող։ Սակայն նույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը հաստատում էր, որ բանակցային սեղանին փաստաթուղթ է քննարկվում։

Եվ իրարամերժության սահմաններն անգամ այնտեղ հասան, որ Փաշինյանը հայտարարեց, թե ինչ որ պետք է, այն էլ բանակցում են՝ «մոռանալով», որ ինքը խոստացել էր դրա արդյունքները ներկայացնել հանրության դատին։ Վերջերս էլ Հայաստանի ղեկավար համարվող անձն արդեն հայտարարում է, թե 2018 թվականին ինքը կարող էր գալ և բանակցային ողջ բովանդակությունը բացահայտել։ Ըստ Փաշինյանի, բանակցային բովանդակության բացահայտումը կբերեր միջազգային սկանդալի, ինչը կարող էր տպավորություն ստեղծել, թե ինքը հրաժարվում է պայքարել իրադրության փոփոխության համար։ Հետո ի՞նչ, թող միջազգային սկանդալ տեղի ունենար, գոնե այդ ժամանակ ժողովուրդը գոնե պատրաստ կլիներ հնարավոր զարգացումներին ու ներսից առկա դիմադրությունը գոնե թույլ չէր տա, որ անպատրաստ գտնվելու արդյունքում խայտառակ կապիտուլ յացիայի բախվեինք։

Փաշինյանի համար պետք է առաջնային լիներ պետության շահը, այլ ոչ թե այն, թե իր մասին ինչ կմտածեին արտերկրյա գործընկերները։ Պատերազմի ժամանակ ևս Փաշինյանը նույնպիսի ոչ հստակ ու մանիպուլ յատիվ մոտեցմամբ էր առաջնորդվում։ Նա մեկ հայտարարում էր, թե ստեղծված իրավիճակում Հայաստանը պատրաստ է անգամ ամենացավոտ զիջումների, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանական քարոզչամեքենայի «հաղթելու ենք» կեղծ կարգախոսների ներքո հետևյալ թեզն էր առաջ քաշում, թե «հայ ժողովուրդ, գնա՛, տե՛ր կանգնիր քո հաղթանակին»։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ժամանակ մեր հանրությունը ստիպված էր լինում ճշմարտությունն իմանալ ոչ թե սեփական իշխանություններից, այլ ուրիշ աղբյուրների միջոցով, իսկ որոշ դեպքերում էլ՝ թշնամական տեղեկատվական հարթակներից։

Օրինակ՝ իշխանական պրոպագանդիստ Արծրուն Հովհաննիսյանը կարող էր «հայտնվել» արդեն ադրբեջանցիների կողմից գրավված Հադրութում և… չտեսնել ոչ մի ադրբեջանցու։ Կամ՝ երբ արդեն հայտնի էր, որ Շուշին ադրբեջանցիները գրավել են, Փաշինյանն իր ֆեյսբուքում գրառում կատարեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Այդպես ժողովրդի զգոնությունը բթացնելու միջոցով Փաշինյանը գաղտնի կերպով իր ստորագրությունը դրեց կապիտուլյացիոն փաստաթղթի տակ։ Իշխանությունների մանիպուլ յատիվ գործելակերպը շարունակվեց նաև հետագայում։ Պատերազմից հետո իշխանություններն իրենց «կոտորում» էին՝ հայտարարելով, թե Սյունիքն անվտանգ է, ու միևնույն ժամանակ հանրության շրջանում Սյունիքի հետ կապված վախեր ներշնչելու մասով մեղադրում էին ընդդիմությանը։

Բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ Սյունիքը ոչ միայն անվտանգ չէ, այլև առավել խոցելի է, քանի որ հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և անարգել խոչընդոտներ է ստեղծում տեղի բնակիչների բնականոն կենսագործունեության համար։ Իսկ հիմա էլ Փաշինյանը խոսում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ու խաղաղության հաստատման մասին։ Իշխանությունների խոսքերն այսքանից հետո այլևս ոչ մի արժեք չունեն։ Ինչպե՞ս կարող է հանրությունը հավատալ մի իշխանության, որը այս ողջ ընթացքում ոչ մի անգամ ճշմարտությունը չի ասել։

Շատ հավանական է, որ կոմունիկացիաների բացման ու խաղաղության հաստատման անվան տակ Հայաստանը համաձայնում է նոր ստորացուցիչ պայմանների, կամ սկսվում է նոր շրջափակման ու պատերազմի ժամանակաշրջան։ Բայց իշխանությունների համար կարևորը դա չէ, այլ այն, թե ինչպես կարելի է հանրությանը մոլորեցնել և ամեն գնով պահել իշխանական աթոռները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ