«Իսկ ո՞վ կարող է փրկվել» (Ղուկ. 18:26)
«Իսկ ո՞վ կարող է փրկվել» (Ղուկ. 18:26),- մենք էլ Աստվածաշնչում նշված այս խոսքը կրկնում ենք հաճախ՝ փնտրելով պատասխաններ ու փրկվողներին վերագրելով կատարյալ հատկանիշներ: Ո՞վ իսկապես կփրկվի, ո՞վ կարժանանա գերագույն շնորհին, որով կարդարացվի իր ապրած երկրային կյանքը, կներվեն մեղքերը, որով կմոտենա Քրիստոսին:
Փրկվողների շարքում, ինչպես պարզ է դառնում Սուրբ Գրքից, լինելու են հավատացողները՝ մարդիկ, ովքեր վստահել ու անվերապահորեն հավատացել են Քրիստոսին: Ավետարանում պատմվում է մի դրվագ, երբ 12 տարի հիվանդ մի կին ամբոխի մեջ մոտենում է Քրիստոսին և հավատով, թե կբժշկվի, դիպչում Քրիստոսի զգեստի քղանցքին: Իսկ Քրիստոս նրան է դիմում՝ ասելով. «Քո հավատը քեզ փրկեց» (Մատթ. 9:22): Ինչպես այդ հիվանդ կինը, ով Քրիստոսի միջոցով տեսավ իր փրկությունը, մենք նույնպես պետք է հավատանք: Միայն այդ դեպքում է, որ գտնելու ենք մեր փրկությունը, ինչպես նաև այն հարցի պատասխանը, թե «ո՞վ կարող է փրկվել»:
Այս հարցում պետք է դրսևորենք կատարյալ հաստատակամություն մեր հավատքի մեջ՝ վստահելով Աստծուն: Թեկուզ և փորձությունների միջով անցնենք, մշտապես ունենանք այն վստահությունը, որ Տերը մեզ հետ է, մեր կողքին, որ մեզ երբեք մենակ չի թողնի ոչ մի պարագայում և որ փորձություններն էլ միջոց են՝ հավատքի հաստատման, աստվածճանաչողության:
Ուրեմն՝ մենք էլ սաղմոսերգուի հետ միասին ասենք. «Ինձ փրկության ցնծություն տուր, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ» (Սաղմ. 50:14): Եվ վստահ լինենք, որ ով հավատա, նա կարժանանա փրկության բերկրանքին: