22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անորակ զենքը գնել են ոչ թե նախկինների, այլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ պաշտպանության ոլորտում աղմկոտ չարաշահումներ եւ կոռուպցիոն գործարքներ են բացահայտվել: Նախ եղավ ԱԱԾ հաղորդագրությունը եւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի կալանավորումը, իսկ նախօրեին խուզարկեցին, ապա ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտպանության նախկին նախարարին` Դավիթ Տոնոյանին։ Ձերբակալվեց նաեւ մեկ անգամ կալանավորված, ապա ազատ արձակված զենքի մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ ԱԱԾ էր հրավիրվել նաեւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։

Ձերբակալությունները կապված են անորակ հրթիռների ձեռքբերման հետ։ Օրերս ԱԱԾ-ն հաղորդեց, որ դեռ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռներ, որոնք ժամկետանց են եղել, եւ որոնց համար պետբյուջեից վճարվել է 4,7 միլիոն դոլար։ Այս հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել՝ հաղորդել էր ԱԱԾ-ն ու հավելել, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի օգտագործվել եւ դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։ ԱԱԾ-ի տարածած «լղոզված» հաղորդագրությունում չկար խոսք այն մասին, որ չնայած 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռները, սակայն գնման գործընթացը տեղի է ունեցել 2018 թվականի աշնանը, երբ Հայաստանում տեղի էր ունեցել հեղափոխություն, եւ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն էր, իսկ Պնախարարը՝ նրա կողմից նշանակված Դավիթ Տոնոյանը։ Փոխարենը հրթիռները կապել էին 44-օրյա պատերազմի հետ, որ տպավորություն ստեղծվի, թե այդ պատճառով ենք պարտվել, եւ պարտության մեղավորը  նախկիններն են` նրանք են 2011-ին անորակ զենք գնել եւ այլն։ Ի դեպ, երեկ ԱԱԾ-ն նաեւ քաղաքական տեքստ էր տարածել` հոխորտալով, թե ԱԱԾ-ն «անհանդուրժողական ու հետեւողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած»-ների նկատմամբ։

Իշխանության ներսից ստացվող տեղեկատվությունն ասում էր, որ ամեն ինչ անելու են պարտության մեղքը Նիկոլ Փաշինյանից հեռացնելու եւ նախկինների կամ գոնե այսօր արդեն պաշտոնաթող պաշտոնյաների վրա բարդելու համար: Դրա համար շոշափվում են Սեյրան Օհանյանի, Օնիկ Գասպարյանի, Դավիթ Տոնոյանի եւ այլ անձանց անունները: Ահա ինչու շեշտվում է 2011-ը, երբ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սեյրան Օհանյանը, որն այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է: Վերջինս «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ այս քրեական գործի շրջանակներում իրեն հարցաքննել են, բայց այդ հրթիռների 70 տոկոսը ոչ թե իր պաշտոնավարման տարիներին է գնվել ՊՆ-ի կողմից, այլ հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի կառավարման առաջին տարիներին: Իսկ ինքը ժամանակին այդ զենքն ի պահ է վերցրել նախարարությունում, մինչեւ կորոշվի դրա հետ կապված հետագա անելիքը:

Հիշեցնենք․ ՀՀ ԶՈՒ-ն մատակարար Դավիթ Գալստյանի հետ 2010-2018թթ․ կնքել է զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնք այդպես էլ չեն իրականացվել մինչեւ 2018թ․ հեղափոխությունը։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջիններից էր, ով մինչ աղմկահարույց ձերբակալությունները ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում հայտարարեց, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը մանիպուլյատիվ է, քանի որ գործարքն իրականում կնքվել է 2018-ի աշնանը։ «2011-ին Հայաստանին է ներկայացվել հրթիռների քանակություն, որը համապատասխան ընթացակարգերով ստուգվել է։ Պարզ է դարձել, որ դրանց մի մեծ մասը չի համապատասխանում այն պահանջներին, որոնք դրված են, եւ, բնականաբար, չեն գնվել եւ սպառազինություն չեն ներգրավվել։

Ի՞նչ է նշանակում՝ ի պահ տրված, քանի որ խոսք է գնում հրթիռի մասին, եւ հրթիռը չես կարող տանել եւ ինչ-որ տեղ դնել, որքան ես եմ տեղյակ, մատակարարողը խնդրել է, որպեսզի որոշակի ժամանակ ի պահ հանձնվի, այսինքն` համապատասխան պահեստներում պահվի, մինչեւ որ նա հնարավորություն ունենա դա վաճառել մեկ այլ երկրի եւ այդ ընթացքում հնարավորություն ունենա բերել այն չափանիշների հրթիռներ, որոնք մեզ համար ընդունելի են։ Այսինքն՝ այն հրթիռները, որոնք չեն ընդունվել սպառազինություն, պահվել են համապատասխան վայրերում, որպեսզի անվտանգության մասով խնդիրներ չառաջացնեն։ Հրթիռը սովորական ապրանք չէ, որի համար կարող էին ինչ-որ տարածք վարձել եւ այնտեղ պահել, դա ունի ապահովման, պահպանության հաստատված ռեժիմ, չափանիշներ, եւ այս տեսանկյունից ՀՀ-ի համար վտանգավոր էր, որ դա հենց այնպես պահվեր մեկ այլ վայրում։ Սակայն դրա համար գումար չի վճարվել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Տ․ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է պատերազմի մեկամյա տարելիցի խորհրդանշական օրերին օգտագործել այս թեման՝ իբրեւ թե ցույց տալուն, որ նախկինների ժամանակ եղել է կոռուպցիա, բանակի թալան, եւ դա է անուղղակի ձեւով ազդել պատերազմի ելքի վրա։

«Բայց պաշտոնատար տարբեր անձանց հայտարարություններից պարզ է դառնում, որ իրականում այդ հրթիռները գնվել են 2018-ին, երբ Հայաստանում տեղի են ունեցել հայտնի իրադարձություններ, եւ իշխանությունը փոխվել էր, իշխանության էին եկել Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, որոնք  բավականին կասկածելի պայմաններում այդ հրթիռները վերցրել են սպառազինության կազմ, ընդ որում՝ որքան ես եմ հասկանում, վերցրել են շատ ավելի թանկ գնով, քան դրանից 7 տարի առաջ»,- ասում է Տիգրան Աբրահամյանը: «Արդեն իսկ պարզ է՝  իշխանությունը, որն ուզում էր անընդհատ մեծ թվեր վերագրել նախկիններին` տարբեր սպառազինությունների գնումների հետ կապված, պատերազմից 1-2 տարի առաջ գնել է զինատեսակ, որոնք կամ որեւէ ձեւով կիրառության չեն մտել ռազմական գործողությունների ժամանակ, օրինակ ՍՈՒ-երը, որոնք եղել են առանց զինամթերքի, կամ հակաօդային  պաշտպանության միջոցները, որոնք, ըստ լուրերի, մինչեւ 30 մլն դոլար են եղել եւ Հորդանանից են ձեռք բերվել։ Դրանք ժամանակին չեն արդիականացվել, եւ հնարավորություն չի եղել ամբողջական կիրառել պատերազմական գործողություններում: Եվ երրորդ հանգամանքը. արդեն պարզ է դառնում, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնել է հրթիռներ, վճարել է բավականին մեծ գումարներ մի ապրանքի համար, որը դրանից 7 տարի առաջ համապատասխան ընթացակարգերով չափանիշներին չի բավարարել եւ սպառազինություն չի վերցվել»։

Լուսինե Շահվերդյան
 hraparak.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ