26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեծ-մեծ չխոսեք, դուռը չշրխկացնեք»․ Ղազինյանը լքեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, Քոչարյանն իրավական լուծում առաջարկեց

Խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով օրակարգում առաջարկում եմ ներառել ևս մեկ հարց, որն այսօր հետաքրքրում է ոչ միայն Հայաստանում բնակվող մեր քաղաքացիներին, այլև՝ ամբողջ աշխարհի հայերին։ Մասնավորապես, հայտնի դարձավ, չհերքվեց, որ Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք ընդամենը, եթե չեմ սխալվում, 356 զոհ՝ պաշտոնական տվյալներով։ Այսօր ունենք 3900-ին մոտ զոհ։ Եթե ամսի 7-ին պատերազմը կանգներ, կունենայինք մոտավորապես 3600-ից պակաս զոհ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա պնդեց, որ իր առաջարկը պետք է ներառել հանձնաժողովի օրակարգում, քննարկել, ուսումնասիրել և պատերազմում ընկած զինվորների ծնողներին ու հարազատներին տալ սպառիչ պատասխան՝ ինչո՞ւ չի կանգնեցվել պատերազմն ու ովքե՞ր են այն չկանգնեցնելու որոշումն ընդունողները և ի՞նչ պայմաններում։

«Ձեր առաջարկն արեցիք, գնում ենք առաջ», – արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Որոշ ժամանակ անց Քոչարյանը հայտարարեց նիստի օրակարգը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարց և ասաց, որ 5-րդ անգամ թեկնածու առաջադրված Արթուր Ղազինյանին իրենք կրկին հարցեր ունեն տալու։

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն անընդունելի համարեց այս գործելաոճը շարունակելը․ թեկնածուին անընդհատ նույն հարցեր տալն ու հետո նրան դեմ քվեարկելը և շեշտեց, որ անիմաստ քննարկմանն իրենք չեն կարող մասնակցել։

Մանուկյանը հեռացավ նիստից, նրան հետևեց Արթուր Ղազինյանը՝ մինչ այդ հայտարարելով, որ իր կարևոր առաջարկը մերժվեց, որովհետև իշխանությունը շահագրգռված չէ պարզել, թե ինչ հանգամանքներում է կայացվել պատերազմը չկանգնեցնելու որոշումը, ուստի հանձնաժողովի օրակարգն իր համար էլ է սպառված։

«Մեծ-մեծ չխոսեք, դուռը չշրխկացնեք», – արձագանքեցին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ-ականները։

Ապա Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին իրավական լուծում պետք է տալ և առաջարկեց տարբերակ, որը քննարկելու է իշխող մեծամասնությունը։

«Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա ՔՊ խմբակցությանը հարկադրված կլինենք առաջարկել հանդես գալ նախաձեռնությամբ և հարցը կարգավորել հետևյալ սկզբունքներով․ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջարկում է նոր թեկնածու Դոնթի բանաձևով, ինչպես հանձնաժողովների նախագահների ընտրության դեպքում է՝ այն տարբերությամբ, որ նախագահների ընտրության դեպքում նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ