14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժանտախտի խրախճանքը

Սեպտեմբերի 21-ի նախօրեին, ասենք, հենց սեպտեմբերի 21-ին էլ հիմնականում լուռ էի: Իսկ ի՞նչ ասել: Դամբանակա՞ն, առ ՀՀ-իս կորուսյալ ինքնիշխան պետականություն:

Ի դեպ, իրականում Հայաստանի Հանրապետության անկախության, ավելի «փաստաթղթային» ասած՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին որոշումը կայացվել է 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում՝ հիմնվելով դրանից երկու օր առաջ անցկացված հանրաքվեի արդյունքների վրա. «Այո» անկախությանը՝ 2.042.262 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 94,39 տոկոսը, «Ոչ»՝ 10.002 հոգի կամ՝ ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %-ը:

Հետաքրքիր է, իհարկե, թե հիմա որտե՞ղ են մնացել այն 2 միլիոն 42 հազար 262 հայրենակիցները: Սա հռետորական հարց է, իհարկե: Ես նրանցից մեկի մասին կարող եմ ասել…
Իսկ ես որոշել էի լռել: Չնայած այն բանին, որ Հայաստանի իշխանությունը զավթած օտարահպատակները, ամբողջացնելով հայերի ու Հայաստանի նկատմամբ իրենց արնակոլոլ ու թունավոր ծաղրը, երկու օր առաջ Հանրապետության հրապարակում որոշել էին «խուլիգանի քեֆ» անել ու արեցին՝ իրենց մահաբեր ջրերն ընկած դատարկ տեսարանասերների որոշ մասնակցությամբ: Դա այն է, ինչ դասական հրապարակախոսությունը բնորոշում է որպես խրախճանք՝ ժանտախտի ժամանակ: Թեպետ, մեր պարագայում ավելի տեղին կլինի «ժանտախտի խրախճանք» բնորոշումը:

Ի՛սկը. Ժանտախտի խրախճանք: Ու սա սովորական ժանտախտ չէ: Սա, այսինքն, նման պատկերն ու նիկոլականների ամբոխային դրսևորումները, մյուս բոլորի անհաղորդ ու «նարկոզի տակ» հոգեվիճակն այն են, ինչը իրապես թույլ է տալիս խոսել մի ամբողջ ժողովրդի հոգին, բանականությունը, բարոյականությունը, արժանապատվությունն ու ինքնասիրությունը խժռած ժանտախտի ու այդ ժանտախտի խրախճանքի մասին:

…«Կախվածի տանը պարանից չեն խոսում»,-այդպիսի խոսք կա: Այնպես որ, վերջին 3 տարի ու 6 ամսվա ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և պետականության մսխումն ու ոչնչացումը, «թավշյա» արկածախնդիրների ու հազարավոր հայ զինվորների գլուխը կերած չարաղետների շարունակվող իշխանաղետությունը իմաստազրկել են «Անկախության տոն» ասվածը, բովանդակազրկել են «Սեպտեմբերի 21»-ը՝ բոլո՛ր առումներով:

Ու նման պայմաններում օրվա հետ կապված ցանկացած խոսք կախվածի պարանի թել է, ինքնըստինքյան:

Ասենք, լսելու բան էլ չկար: Ի՞նչ լսես: Արցախը թուրքին հանձնած, Հայաստանը կտոր-կտոր թուրքին հանձնող, «բարձր դուռը» չոքած պաչպչելու անթաքույց ցանկություն հայտնողի հերթական ցանցառամտությունն ու զառանցա՞նքը լսել, օրինակ՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ» կամ՝ «հաղթելու համար պարտադիր չէ… հաղթել ուրիշներին»-ի կարգի ցնդաբանությո՞ւն: Կներեք, բայց ես մազոխիստ չեմ: Ամեն մեկը թող ինքն իր համար որոշի, կողմնորոշվի:

Իսկ մինչ այդ, շարունակվում է Հայաստանը խորշակող, ավերակող ժանտախտի խրախճանքը: Շարունակվում է, որպես համատարած երկերեսանություն ու կեղծավորություն, որպես ստամոքսահյութի պաշտամունք ու բացարձակ մորթապաշտություն: Իսկ ուրիշ ինչպե՞ս բնորոշես այն զառանցագին վիճակը, երբ հազարավոր հայրենակիցներ սիրահոժար ընկալում ու թութակի պես կրկնում են ցանկացած հորինվածք ու ապուշություն՝ հրաժարվելով տեսնել կործանման ակնհայտությունը: Դրանից, իհարկե, կործանման ընթացքը չի դադարում, բայց այս ամենը ավելի շատ մի ֆանտաստիկ պատկեր է ուրվագծում, այնպիսին, եթե, ասենք, Բուխենվալդի կամ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարների կալանավորները ուրախ երգուպարով, հոժարակամ ու հեզորեն գնային ֆաշիստական գազախցիկները մտնելու: «Եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը…» կամ էլ՝ «չի բացվի», ի վերջո, հոգով խավարասերները Արևի կարիքը չունեն:

…Կախվածի տանը պարանից չեն խոսում: Բայց սրանք այդ պարանը նարոտ են կարծում ու, դրանով պարուրված, թռվռում են:

Անիծում են «յեյեսուն տարին» (իրականում՝ 27), ինչ ասես, որ չեն ասում՝ ուրանալով իրենց իսկ 25-30 տարվա կյանքը, ներդրումը, ուրանալով Հայաստանը, բայց… վազում են «անկախության 30-ամյակի գունագեղ տոնակատարության» մասնակցելու, որտեղ պաստառը դիտավորյալ այնպես է նկարած ու ներկած, որպեսզի 30-ից միայն 3-ը աչքի զարնի: Տեսարան, որ սրտխառնուքից ու եղկանքից բացի, հազիվ թե այլ բան հարուցի, չնայած կարծես պետք է համատարած ընդվզում հարուցեր, առանց որի ժանտախտի խրախճանքը կշարունակվի, արդեն՝ Հայաստանի տապանաքարի վրա:

 

Արմեն Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ