ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլ
Հունիսի 28-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունների երրորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի ու արդարադատության նախարարությունների, Ոստիկանության ներկայացուցիչները:
Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջեւ արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել 2012-ի փետրվարից մեկնարկած գործընթացում: Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին մոտեցնել վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները:
Տեղեկանք: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով կսահմանվի, որ մի շարք մասնագիտությունների Հայաստանի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, գործարարներ, սպորտի ու արվեստի գործիչներ եւ այլոք, վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաեւ նվազեցնել շենգենյան մուտքի վիզաների գինը, ինչպես նաեւ անվճար դարձնել այն երեխաների ու թոշակառուների համար:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանի եւ ԵՄ միջեւ բանակցվում է նաեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայանագիր, որով կարգավորվելու են ԵՄ եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման հարցերը:
Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հուլիսի կեսին Երեւանում: