՛՛Երեք դուդուկահարները՛՛ ՝ Աբովյան փողոցում
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են վաղօրոք հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված աշխատանքներից մեկի՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի ‘Երեք դուդուկահարներ ‘ քանդակի նախագծի և արծաթագործ-դիզայներ Արման Դավթյանի հեղինակած՝ ‘Հուշարձան ընթերցողին’ քանդակի էսքիզային առաջարկները: Նիստին հրավիրվել և մասնակցել են Երևանի գլխավոր ճարատարապետ Նարեկ Սարգսյանն ու անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ Նիստի մասին Henaran.am-ին մանրամասներ են հաղորդում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկման ընթացքում անդրադառնալով ‘Երեք դուդուկահարներ’ խմբակային քանդակին, ուր մեկտեղված են դուդուկի վարպետներ Ջիվան Գասպարյանը, Վաչե Հովսեփյանն ու Լևոն Մադոյանը, հանձնաժողովի անդամները, ի թիվս դրական այլ կարծիքների, նշել են, որ նման մոտեցումով առանձնակի շեշտվում է սերունդների միջև կապն ու համերաշխությունը: Մասնագիտական քննարկման արդյունքում Էսքիզային առաջարկը հավանության է արժանացել հանձնաժողովի անդամների կողմից: Հեղինակին հանձնարարվել է շարունակել աշխատանքն ու այն հասցնել ավարտին:
Նշենք, որ ‘Երեք դուդուկահարներ’ քանդակը կկառուցվի հովանավորչական միջոցներով և նախատեսվում է տեղադրել Աբովյան 32 շենքի հարևանությամբ:
Արման Դավթյանի հեղինակած ‘Հուշարձան ընթերցողին’ քանդակի գաղափարը հայ գրատպության 500-ամյակն ու Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն է, նպատակը՝ գրքի և ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը։
Ներկայացված էսքիզային առաջարկը նախորդ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների դիտողությունների արդյունքում հեղինակի կողմից լրամշակված տարբերակն է:
Հանձնաժողովի անդամների մեծամասնության կարծիքով ներկայացված տարբերակում դրական փոփոխություններն ակնհայտ են: ՈՒստի հեղինակին հանձնարարվել է շարունակել աշխատանքը, իսկ հանձնաժողովի անդամներին՝ առաջարկություններ ներկայացնել տեղադրման վայրի վերաբերյալ :